Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Mezzo» հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին

418
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 02:10
«Mezzo» հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին

«Mezzo» դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը մաեստրո Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։ Ֆիլմում Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող 18-ամյա ուսանողների աներևակայելի խիզախումը՝ համախմբումն ու նվագախմբի ստեղծումը։ «Մենք ուզում էինք ինչ-որ հատուկ բան անել, որը հետագայում մեզ միասին կպահի նաև կոնսերվատորիան ավարտելուց հետո»,- ֆիլմում պատմում է Սերգեյ Սմբատյանը՝ անդրադառնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման պատմությանը։ «Mezzo»-ի հեռուստադիտողներին են ներկայացվում նաև հայկական երաժշտական արվեստը, մեր երաժիշտների կատարողական վարպետությունը։ Ֆիլմը նկարահանվել է 2018թ.՝ Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։