Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն թարգմանվում է անգլերեն և ռուսերեն

435
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 04:10
«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն թարգմանվում է անգլերեն և ռուսերեն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող Մանկապատանեկան գրքի 15-րդ երևանյան ցուցահանդես-վաճառքի շրջանակում ընթերցասերներին է ներկայացվել «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, կազմողն է Նազելի Կարապետյանը: Շնորհանդեսի ընթացքում Նազելի Կարապետյանն առանձնահատուկ շեշտել է, որ գրքում ներկայացված հեքիաթներն ազգային են, տիեզերական ու միշտ արդիական: «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ: Լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք: Նազելի Կարապետյանը շուրջ 5 տարի աշխատել է՝ ուսումնասիրելով առավել քան 2000 հայկական ժողովրդական հեքիաթ և դրանց հետ կապված մի շարք հետազոտություններ:

Ընտրելիս նախապատվությունը տրվել է այն հեքիաթներին, որոնց գլխավոր մոտիվներն ընդհանուր են Մեծ Հայքի տարբեր նահանգների բանահյուսական նմուշներում, նաև այն հեքիաթներին, որոնք մեր հասարակությանը անծանոթ են, սակայն շատ արժեքավոր, թաքնված գանձեր, որոնք նորովի են մեզ ծանոթացնում հայ ժողովրդի մտածելակերպին, հոգևոր և մշակութային ժառանգությանը: Առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև ժողովածուի երկրորդ և երրորդ հատորները: