Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել». Դավիթ Տոնոյան

1015
Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 12:05
«Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել». Դավիթ Տոնոյան

Հայաստանը մտադիր է 2019-ի վերջին կամ 2020-ի սկզբին Ռուսաստանից 4 Սու-30ՍՄ կործանիչ ստանալ. ընդհանուր առմամբ, Երևանը կցանկանար 12 այդպիսի կործանիչ ձեռք բերել: Այս մասին IDEX-2019 զենքի ցուցահանդեսի ընթացքում «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Շարունակում ենք այդ զենքի հերթական խմբաքանակի մատակարարումների շուրջ բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ կպատրաստվի տվյալ արտադրանքը. ներկրման և այլ հարցեր կան: Առաջին խմբաքանակը մտադիր ենք ստանալ այս տարի, ամենաուշը՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է նախարարը:

Պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին, թե քանի հատ կործանիչ կցանկանար գնել հայկական կողմը, պաշտպանության նախարարը նշել է, որ խոսքը 12 հատի մասին է:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցին հայտնել էր, որ Երևանը մտադիր է 4 նման կործանիչ գնել: ՊՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական կողմից նախկինում հատկացված 100 միլիոն դոլար վարկի շրջանակում գնելու գործընթացը գտնվում է իրականացման փուլում: Իսկ ավելի ուշ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ Երևանը չի սահմանափակվի 4 կործանիչի գնմամբ: