Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պուտինն ու Լուկաշենկոն 3 օր բանակցել են, սակայն գլխավոր հարցը չեն քննարկել. ռուսական մամուլ

1079
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 17:05
Պուտինն ու Լուկաշենկոն 3 օր բանակցել են, սակայն գլխավոր հարցը չեն քննարկել. ռուսական մամուլ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտել են բանակցությունները, որոնք մեկնարկել էին Սոչիում փետրվարի 13-ին, գրում է ТАСС-ը:

3 օր բանակցությունների ընթացքում երկու երկրների առաջնորդները երկկողմ համագործակցության տարբեր հարցեր են քննարկել՝ հասցնելով դահուկ քշել և հոկեյ խաղալ:

Գործակալությունը նշում է, որ եռօրյա բանակցությունների ընթացքում հարկային մանևրի հարցն այդպես էլ չի քննարկվել՝ չնայած նրան, որ այդ հարցով Մինսկի դժգոհությունները դեկտեմբերի 25-ին և 29-ին կայացած նախատոնական հանդիպումների պատճառ դարձան:

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ քննարկվել են հումանիտար և սոցիալական ոլորտի թեմաները, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում նաև պետությունների ղեկավարների փոփոխությունից հետո:

Լուկաշենկոն խոստովանել էր, որ իրեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մտահոգում է միութենական պետության ճակատագիրը պաշտոններից իրենց հեռանալուց հետո: «Մենք բացահայտ ասել ենք, որ մենք հավերժ չենք, որ ինչ-որ պահի հեռանալու ենք»,- ասել էր Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, գործակալության խոսքով, Վլադիմիր Պուտինը չէր մոռացել մեկ այլ կարևոր՝ Սիրիայի հարցով եռակողմ հանդիպման մասին: «Փետրվարի 14-ին Պուտինը հատուկ ուշադրություն հատկացրեց միջազգային մեկ այլ իրադարձության. այդ օրը Սոչի ժամանեցին Իրանի և Թուրքիայի նախագահները՝ Սիրիայի ճգնաժամի քննարկման համար: ՌԴ նախագահը չմոռացավ նաև իր բելառուսցի հյուրի մասին, ում երեկոյան հրավիրեց միանալու Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ ոչ ֆորմալ հանդիպմանը»,- նշում է գործակալությունը:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն այդ օրը շարունակել են բանակցությունները, սակայն դրանք անցկացվել են փակ դռների հետևում:

«Բացի հարկային մանևրից բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք մեզանից բացի ոչ ոք չի կարող լուծել, և մենք դա կանենք: Միայն մանևրով չեն ապրում մարդիկ»,- լրագրողներին ժպիտով ասել է Լուկաշենկոն:

Փետրվարի 15-ին կողմերն ավարտել են բանակցությունները և նշել կրթության, գիտության և սպորտի ոլորտում համագործակցության կարևորությունը: Լուկաշենկոն հատուկ ուշադրություն է դարձրել սպորտի հարցերին: Եռօրյա բանակցությունների ավարտին երկու երկրների նախագահները հոկեյ են խաղացել: