Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել

335
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 16:30
Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով նրա իրավահաջորդի ներկայացուցիչներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանի և Հայկ Հակոբյանի հերթական միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2019թ. փետրվարի 4-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է: Ա. Սաքունցը, Ա. Զալյանն ու Հ. Հակոբյանը 2019թ. հունվարի 25-ին վարույթն իրականացնող մարմնին միջնորդել էին որոշ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ փորձաքննություն նշանակել մեղադրյալի կողմից թմրամիջոցներ օգտագործելու հանգամանքը պարզելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը որոշել է միջնորդությունը մասնակիորեն բավարարել, քանի որ միջնորդության մեջ նշված որոշ գործողություններ, նրա պնդմամբ, արդեն իսկ իրականացվել կամ իրականացվում են: Ինչ վերաբերում է Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոցներ գործածելու մասով փորձաքննություն նշանակելուն, Վ. Սամվելյանը հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հետևաբար՝ այդ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ: Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը, ապա նաև՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ավելի վաղ մերժել էին տուժողի մեկ այլ միջնորդություն՝ Ա. Ռ-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Այս որոշումն այժմ բողոքարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ դատական նիստը 2019թ. մարտի 15-ին է»: