Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Միայն մի բան կցանկանայի` Երջանկություն և Արև». այսօր Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

507
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 12:25
«Միայն մի բան կցանկանայի` Երջանկություն և Արև». այսօր Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

Հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը ծնվել է 1885 թ-ի փետրվարի 15-ին, Ստամբուլի Սիլիվրի նահանգում: Նա իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության՝ Ցեղասպանության հեռանկարը։ Սևակն իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։

Ռուբեն Սևակը ամուսնացած էր գերմանացի գնդապետ Ֆրանս Ապելի դստեր՝ Յանի Ապելի հետ։ Ուներ երկու երեխա։

Ներկայացնում ենք հայ քնարերգու Ռուբեն Սևակի նամակը իր սիրելի կնոջը՝ Յանիին:

«1912, ապրիլ, Լոզան

Իմ հրաշակերտ տիկին,

Այսօր կիրակի է, ոչ լավ, ոչ վատ, այսինքն՝ անտանելի եղանակ: Ջերմաչափը շատ ցածր է ցույց տալիս, քթիս մեջ եմ զգում… (շատ գիտական քիթ ունեմ): Առավոտյան ժամը 7-ից շուտ վեր կացա, շատ ցուրտ էր, ձանձրացա պատմություններ կարդալով, որոնք սակավ են հետաքրքրում ինձ… Ժամը 1-ին շատ անորակ ճաշ ընտրեցի (այն օրից, ինչ այդ ռեստորանում անհամ սալատ են կերցրել ինձ, այլևս ախորժակով չեմ ուտում, ի դեպ, գինու փոխարեն ռոմանելի ջուր եմ խմում):

Դարձյալ վերադարձա տուն, ուր այսպես թե այնպես երկարաձգեցի ձանձրույթս մինչև այս պահը՝ երեկոյան ժամը 5-ը: Իսկ հիմա վերցնում եմ գրիչս քեզ գրելու համար: Խոստացել էի հետաքրքիր նամակ գրել, բայց… անել այն, ինչ ուզում ես, միշտ չի հաջողվում: Կհարցնես, թե ինչո՞ւ եմ այդքան ձանձրանում այսօր: Այն պատճառով, որ Թագվորը (մուշտակի վաճառականը) այսօր Leysin-ից գալու է ինձ մոտ: Որքան ատում եմ նման տիպերին, այնքան թափվում են գլխիս: Եվ ասե՞լ, որ երկրիս երեսին ապրող մարդկանց մեծագույն մասը այդպիսի տիպեր են…

Ոհ, ինչ տխուր է ապրել մի կյանք՝ նման պրոզայիկ մարդկանց մեջ: Եվ որքան քաղցր է ունենալ մի փոքրիկ կին և մենակյաց օջախում մի փոքրիկ աշխարհ կերտել: Տեսնում ես, ավելի ու ավելի երեխա եմ դառնում, ավելի ու ավելի խորությամբ եմ երազում ունենալ մեր փոքրիկ Տաճարը, Յան (դու գիտես, այն, որ արդեն գծել ենք): Իսկ հիմա, երբ վերջապես հասել է ժամը մտածելու առօրյա կյանքի, փողի, տիտղոսների, փառքի, դիրքի, ապագայի մասին, հիմա ինձ ավելի երազող եմ զգում, քան երբևիցե:

Առօրյա կյանքը նողկանք է պատճառում, մարդիկ սոսկում են պատճառում ինձ, միայն մի բան կցանկանայի՝ Երջանկություն և Արև (գիտես, Ֆեբուսը…): Հիշու՞մ ես, առաջարկում էիր 6 ամիս միասին ապրել և 6 ամիս առանձին (թատրոնի համար): Ասում էի, որ անկարելի է ինձ համար: Եվ որքան իրավունք ունեի: Որքան վատ եմ զգում միայն մեկ ամսվա բաժանման ընթացքում… Եվ ինչպես եմ հաշվում դեռևս մեզ իրարից բաժանող օրերը… Եվ որքան մենակ եմ, մենակ, մենակ, ախ, եթե իմանայիր…

Ինչի՞ է պետք կյանքը: Եթե իրոք սիրում ենք իրար և եթե կարող ենք երջանիկ լինել այդքան քիչ բանով: Աստված իմ, ինչու՞ չլինել… Ի՞նչ իմանանք, դեռ երկա՞ր ենք ապրելու (ես ամենևին վստահ չեմ, այն թոքատապով, որ վաղուց ունեմ): Ինչու՞: Ուրիշներին հաճույք պատճառելու համար: Իսկ ովքե՞ր են այդ ուրիշները: Եկ, իմ Յան, երջանիկ, երջանիկ կդարձնեմ քեզ: Ես գանձ գաղտնիքներ ունեմ կախարդական աշխարհից, անծայրածիր բաներ, հազար ու մի գիշերների երազներ, քեզ կտամ այդ ամենը, իսկ ես միշտ էլ ավելի շատ կունենամ: Սիրում եմ քեզ, իմ գանձ, դու միակ էակն ես իրոք ընդունակ անկեղծորեն և հավերժ սիրելու ինձ… Սիրում եմ քեզ, սիրելիս… Ես քեզ եմ տենչում, աչերդ, տենչում եմ մոլորվել քո հայացքում, տենչում եմ փաղաքշել, քեզ ունենալ, իմ անձը տալ քեզ, հուզվել սիրուց և զգալ, որ ապրում եմ… Սիրելիս…

Ռուբեն»: