Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հիմա նույնը օրենքով իրենք են անում». պարգևավճարների վերաբերյալ պահանջագիր և բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

440
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 15:15
«Հիմա նույնը օրենքով իրենք են անում». պարգևավճարների վերաբերյալ պահանջագիր և բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն ու «Հանուն արժեքների պահպանման ճակատ»-ն Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նշում են, որ պատրաստվում են պահանջագիր ներկայացնել խորհրդարանին, որպեսզի տեղեկատվություն տրամադրվի, թե կառավարության անդամներն ու այլ պետական պաշտոնյաները որքան պարգևավճար են ստացել:

Կուսակցության անդամների խոսքով, պահանջագրին միացել են 100-ից ավելի քաղաքացիներ՝ դնելով իրենց ստորագրությունները: «Վստահ ենք, որ ժողովրդական երկրում խորհրդարանը պարտավոր է վերահսկել պարգևավճարների հիմնադրամի թափանցիկ ձևավորումը, ինչպես նաև դրանց բաշխում»,- ասված է վերջինների տարածած հաղորդագրության մեջ:

«Հանուն արժեքների պահպանման ճակատ»-ի համանախագահ Սերգեյ Սաժումյանն էլ նշեց, որ նամակ են հանձնելու Աժ նախագահին. «Երկրի ներկայիս վիճակում անթույլատրելի ենք համարում այսպիսի պարգևավճարներ ստանալը: Մարդիկ սոված են և չի կարելի այդ ֆոնի վրա քարտուղարուհուն միլիոններով պարգևավճար տալ: Ժամանակին գոռում էին, որ անօրինական է, հիմա նույնը օրենքով իրենք են անում: Դա նորմալ չէ»,- ասաց Ս. Սաժումյանը: