Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

EADaily-ն ՀՔԾ քննիչներին ներկայացնում է որպես «Սորոսի մարդիկ». «Փաստերի ստուգման հարթակ»

621
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 10:40
EADaily-ն ՀՔԾ քննիչներին ներկայացնում է որպես «Սորոսի մարդիկ». «Փաստերի ստուգման հարթակ»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Փետրվարի 8-ին ռուսալեզու Eurasia Daily լրատվականն անդրադարձել է Մարտի 1-ի գործով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ներկայացնելով դրանք բավականին մանիպուլյատիվ լույսի ներքո։

Մոսկվայում տեղակայված Eurasia Daily-ի հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է արվում Մարտի 1-ի գործով ՀՀ առաջին և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հարցաքննություններին։ Հետաքրքիր է, սակայն, հոդվածի վերնագիրը՝ «Նախկին նախագահներից մեկը նստած է, մյուս երկուսին հարցաքննում են Սորոսի մարդիկ»։ Անդրադառնալով հոդվածի վերնագրին՝ նախ նշենք, որ այն ակնհայտորեն մանիպուլացնող է, քանի որ Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննել են քննիչները, իսկ նրանք ՀՀ պետական ծառայողներ են, ոչ թե «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության անդամներ։ Ու թեև հոդվածը վերնագրելիս հեղինակը Հայաստանում տեղի ունեցող դատավարությունը բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով կապել է արտաքին ուժերի հետ, բուն հոդվածում ընդամենը ներկայացրել է Մարտի 1-ի գործով հարցաքննված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ որպես հոդվածի առանցք՝ հարցաքննությունները կապել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի անձի հետ։ Վերջինս «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի եղբայրն է, և միմիայն այդ հիմքով պնդում է արվում, որ ՀՔԾ քննիչները «Սորոսի մարդիկ են»: Հոդվածում նաև որևէ անդրադարձ չկա այն հանգամանքին, որ Հայաստանի 3 նախագահները ներգրավված են Մարտի 1-ի գործում այն պարզ պատճառով, որ 3-ն էլ հանգուցային դեր են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ:

Ըստ կայքում հրապարակված տեղեկության, ռուսալեզու պարբերականը ստեղծվել է 2015 թվականին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ և դրանց հարևան երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական գործընթացների օբյեկտիվ լուսաբանման համար։ Հաշվի առնելով հրապարակման կոնկրետ թիրախավորումը՝ կասկածներ են առաջանում կայքի անաչառության վերաբերյալ։ Տպավորություն է ստեղծվում, որ կայքը օբյեկտիվ է համարում մանիպուլյատիվ վերնագրերով ապակողմնորոշող նյութերը»։