Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

2002
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 14:35
«Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

Աշխարհին... մանկա՜ն մաքրություն է պետք,

Եվ հենց ա՛յն մանկան,

Որին ամեն օր աշխարհ են բերում

Նաև աշխարհի... անմաքուրները,

Մինչիսկ նրա՛նք՝ անմաքուրնե՜րը,

Քանզի... աշխարհին մաքրությո՜ւն է պետք...

Սևակ

Այսօր հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924-ի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի գյուղում: Հինգ տարեկանում նա արդեն գրել և կարդալ գիտեր:

«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- Սևակի մասին ասել է Մարտիրոս Սարյանը:

«Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում». Մարտիրոս Սարյան
«Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում». Մարտիրոս Սարյան

Համո Սահյանն էլ հավելել է. «Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...»:

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքանան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։

Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։

Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով:

Պարույր Սևակ - «Մի պահ զղջում եմ»

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց...