Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ամեն մի հաջորդ սերունդ պիտի իմանա, որ եղավ մի ժամանակ, որ ՀՀ ղեկավարները կրակեցին ժողովրդի վրա». Նարեկ Սարգսյան

254
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 10:45
«Ամեն մի հաջորդ սերունդ պիտի իմանա, որ եղավ մի ժամանակ, որ ՀՀ ղեկավարները կրակեցին ժողովրդի վրա». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մի պահ վերանանք մարտի մեկի զոհերի չմխիթարվող ցավից, ապա զուտ թվերով 2008-ի արյունոտ հեղաշրջումը Հայաստանին արժեցավ շուրջ կես միլիոն մարդու արտագաղթ, տնտեսական գահավիժում, ապա՝ լճացում, Ղարաբաղի խնդրի լուծման ձգձգում, հարյուրավոր զոհեր սահմանին, տասնյակ միլիարդների պետական թալան, ավերված ենթակառուցվածքներ, ծայրահեղ աղքատություն և սով։ Ժողովրդավարության և մամուլի ազատության առումով Հայաստանն իջավ աշխարհի ամենահետամնաց երկրների մակարդակին։ Ռազմական ծախսերով Ադրբեջանից ետ ընկավ կրիտկական աստիճանի, իսկ տնտեսությամբ դարձավ մեր առանց այն էլ ոչ առաջավոր տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը։ Մարտի մեկը Հայաստանից խլեց տաս տարի։ 21-րդ դարի խելահեղ զարգացումների ժամանակներում 10 տարի, որը թերևս համարժեք է միջնադարի 100 տարվան։ Ու եթե հաշվի առնենք, որ հեղափոխության ձախողման դեպքում 10-ը հեշտությամբ կարող էր դառնալ 15 կամ 20 տարի, ապա մոտավոր կերպով պարզ կդառնա, թե ինչպիսի աղետ էր մարտի մեկի պետական հեղաշրջումը։ Մարտի մեկը հիրավի պատմական նշանակության իրադարձություն է։ Այն ամեն օր քարոզվելու, պատմվելու, բացատրվելու և լուսավորվելու կարիք ունի, ինչպես Հայոց ցեղասպանությունը, ստալինյան ռեպրեսիաները և հոկտեմբերի 27-ի ոճիրը։ Մարտի մեկը պիտի բացահայտվի 100%-ով, մեղավորները պիտի պատժվեն մինչև վերջին մարդը։ Բայց նույնիսկ դրանից հետո երբեք չպետք է դադարել խոսել այդ մասին՝ մամուլում, ընտանիքներում, դպրոցում, ամենուր։ Ամեն մի հաջորդ սերունդ նույնպես դեռ պատանի տարիքից պիտի իմանա, որ եղավ մի ժամանակ, որ Հայաստանի ղեկավարները կրակեցին հայ ժողովրդի վրա։ Միայն այդպես հնարավոր կլինի բացառել մարտի մեկի կրկնությունը նույնիսկ հեռավոր ապագայում»։