Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Այս ամենի ֆոնին հարց է առաջանում». Նորայր Նորիկյան

314
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 15:40
«Այս ամենի ֆոնին հարց է առաջանում». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանում այսօր իրանական թեմայով տեղի ունեցած «Փոթորիկից» հետո իմ ուշադրությունը սևեռվեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումներ, ըստ էության, տեղի չեն ունեցել:
Այնպիսի տպավորություն է, որ հայ-իրանական ներկայիս հարաբերություններում տիրում է զգուշավորության և մեկը մյուսին ստուգելու գործընթաց:
Անցած ութ ամիսների ընթացքում արդյո՞ք հայ-իրանական հարաբերություններում որևէ հարցի ճշգրտման կամ պարզաբանման անհրաժեշտություն չի եղել, կամ արյդո՞ք հարևան երկրների ղեկավարների հանդիպման խնդիր չի ծագել թեկուզ միայն ծանոթության և նոր որակի հարաբերությունների մեկնարկի համար:
Այս ամենի ֆոնին հարց է առաջանում. Նոր իշխանությունների համար արդյո՞ք գոյություն ունի հայ-իրանական որևէ օրակարգ, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞րն է այդ օրակարգը:
Որևէ մեկի համար որևէ կասկած չկա, որ Իրանը շատ կարևոր պետություն է Հայաստանի համար, և նրա հետ ունեցած ջերմ ու բարեկամական հարաբերությունները բխում են առաջին հերթին Հայաստանի պետական շահերից:
Ուստի այսօրվա խորհրդարանական «Փոթորիկի» համատեքստում ակնհայտ է դառնում, որ հնարավորինս արագ անհրաժեշտ է վերբեռնել հայ-իրանական հարաբերությունները՝ դրանք համապատասխանեցնելով հարևան ու բարեկամ երկու պետությունների փոխադարձ շահերին:
Այս խնդիրը լուծելու, ինչպես նաև Իրանի ուղղությամբ այսօր ուղարկված ոչ հաճելի ուղերձները շրջանցելու համար ցանկալի կլիներ, որ Հայաստանի նոր իշխանությունները հնարավորինս արագ նախաձեռնեին ու կազմակերպեին հայ-իրանական ամենաբարձր մակարդակի հանդիպում...»: