Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սուր շնչառական վարակներով հիվանդությունն աճման միտում ունի. ՀՀ ԱՆ

429
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 14:20
Սուր շնչառական վարակներով հիվանդությունն աճման միտում ունի. ՀՀ ԱՆ

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահութան նախարարությունը:

Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են:

Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել:

Միաժամանակ, գրիպի և ՍՇՎ հարաբերական ակտիվության հետ կապված իրավիճակը գնահատելու նպատակով նախարարության աշխատակիցներն այս օրերին պարբերաբար այցելում են բժշկական հաստատություններ, տեղում ծանոթանում իրավիճակին, ինչպես նաև կենտրոնների տնօրենների և մասնագետների հետ խորհրդակցում են կատարվող քայլերը:

Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած: