Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ռուս փորձագետները հաշվարկել են՝ քանի անգամ է Արմեն Սարգսյանն Արցախի հարցով քննարկման համար Մոսկվա այցելել

1036
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 14:20
Ռուս փորձագետները հաշվարկել են՝ քանի անգամ է Արմեն Սարգսյանն Արցախի հարցով քննարկման համար Մոսկվա այցելել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անցած տարի 7-ական անգամ Ռուսաստան են այցելել: Նման հաշվարկներ են արել ռուս փորձագետները երեկ՝ «Вести FM» ռադիոկայանի եթերում:

Փորձագետների խոսքով՝ չնայած նրան, որ նշված քաղաքական գործիչների իրավասություններն իրենց երկրներում սահմանափակ են, նրանց դիվանագիտության դերը կարևոր է մնում:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հիշեցրել է, որ Մոլդովայի նախագահն անցած տարի 5 անգամ ժամանակավորապես զրկվել է իրավասություններից, իսկ, սոցցանցերում տարածված խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի որդին «Ռուսաստանում ինչ-որ բիզնես ունի»:

«Ասում են՝ Արմեն Սարգսյանի որդին ինչ-որ բիզնես ունի Ռուսաստանում, բայց դա չէ կարևորը: ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին 7 այցը շատ է»,- ասել է Մարտինովը:

Նրա խոսքով՝ Մոսկվա այցերի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումն է եղել: «ԶԼՄ-ներում Սարգսյանի այցերի արդյունքների մասին այդպես էլ տեղեկություն չհայտնվեց: Իմ տեղեկություններով՝ նա հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով: Սարգսյանը խնդրին կառուցողական մոտեցում ունի, սակայն հարկ է ըմբռնել, որ նա Երևանում գրեթե ոչինչ չի որոշում, ինչպես և Դոդոնը՝ Քիշնևում»,- ասել է փորձագետը:

Բացի այդ, EADaily պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ՀՀ նախագահի որդին ընդգրկված է «Մառռ Ռուսիա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում, որը զբաղվում է հասարակական օբյեկտներին սննդի մատակարարմամբ: