Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հոգևոր ծուլությամբ պայմանավորված՝ մտավոր մակերեսայնությունն ահա՛, խեղդում է մեզ». Արծրուն Պեպանյան

295
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 02:15
«Հոգևոր ծուլությամբ պայմանավորված՝ մտավոր մակերեսայնությունն ահա՛, խեղդում է մեզ». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «63 տարի առաջ այս օրը երկրային կյանքը լքեց հայ քաղաքական մտքի գերաստղ Հայկ Ասատրյանը, ով եվրոպաներում կրթություն ստանալով և փիլիսոփայության դոկտոր դառնալով, քննեց իր ժամանակի հայությանը, պարզեց ժողովրդի կյանքի դժվարությունների պատճառները, պարզեց, «որ ենթակայական մեր անթիվ մեղքերը սրվեցին, դարձան անհաղթելի չարիք նաև այն պատճառով, որ մեր կյանքի ու գործի մեջ գիտականություն չմտցրինք: …Ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք, և հետևանքն ա՛յն եղավ, որ հոգևոր ծուլությամբ պայմանավորված՝ մտավոր մակերեսայնությունն ահա՛, խեղդում է մեզ: Այսօր, մեր կյանքի ո՛ր կողմն էլ վերցնենք՝ գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն՝ հույզի, ձևի փոխարեն՝ քաոսի, կազմակերպության փոխարեն՝ անկանոնության»:

Հայկ Ասատրյանը վեր հանելով կարևոր այդ խնդիրը, նաև առաջարկեց այն շտկելուն ուղղված քայլեր, որոնք հրապարակվեցին «Տարոնի արծիվ» հանդեսում (1939թ.) և որոնք նպատակ ունեին «... արմատախլել հոգևոր ծուլության և մտավոր մակերեսայնության չարիքները, լծվել հայ իմաստասիրության շենքը վերա - և նորա - կառուցելու աշխատանքին»:

Ցավոք, Հայկ Ասատրյանն և նրա խոհակիցները չունեցան կարևոր այս նախաձեռնությունը շարունակելու հնարավորություն, քանի որ 1944-ին ձերբակալվեցին խորհրդային հատուկ ծառայությունների կողմից: Նրանց գործը շարունակողներ չգտնվեցին, ու այդպես մենք հասանք Երրորդ հանրապետությանը՝ անինքնաճանաչ, սիստեմային քաղաքական մտածողությանն անվարժ, համակարգ կառուցելուն ու գործարկելուն անտեղյակ, քաղաքական խորքային երևույթները նկատելուն անընդունակ: Եվ արդյունքում այսօր ունենք քաղաքական մտքի շրիշակային մակարդակ, իսկ մեր քաղաքական մտքի գերաստղը, ով ելքի իրական ուղին էր ուրվագծել, մոռացության է մատնվել իր ժողովրդի կողմից:

ՀԳ. Վերելք միությունը փետրվարի 5-ին, Հայկ Ասատրյանի ծննդյան օրը, ձևավորված ավանդույթի համաձայն կկազմակերպի նրան նվիրված միջոցառում»: