Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

1916թ. հունվարի 10-ին սկսվեց Էրզրումի ճակատամարտը

266
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 16:50
1916թ. հունվարի 10-ին սկսվեց Էրզրումի ճակատամարտը

Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Էրզրումը՝ Կարին, Կարնո քաղաք, Թեոդուպոլիս, Թեոդոսուպոլիս, Արզրում, գտնվում է Էրզրումի դաշտի հարավարևելյան մասում՝ Եփրատի և Երասխի ակունքների մոտ՝ Այծպտկունք լեռնագագաթից մոտ 4 կմ հյուսիս-արևելք: Էրզրումի նահանգի վարչական կենտրոնը:

Ենթադրվում է, որ Էրզրումի բնիկ Կարին անվանումը էթնիկական ծագում ունի: Դեռևս IVդ. հիշատակվում է որպես մարդաշատ քաղաք (եղել է Կարին գավառի կենտրոնը): Հայաստանի 387թ. բաժանումից հետո ընկել է բյուզանդական տիրապետության տակ:

Մանազկերտի ճակատամարտից (1071թ.) հետո Էրզրումը զավթած սելջուկյան թուրքերը այն դարձրել են համանուն սուլթանության կենտրոնը: 1242թ. մոնղոլները կողոպտել և հրդեհել են Էրզրումը, բնակիչների մի մասին՝ ոչնչացրել, շատերին՝ վաճառել ստրկության: Այնուհետև Էրզրումը բազմիցս ենթարկվել է զանազան այլ հրոսակների ասպատակությունների:

Հայ զինվոր
Հայ զինվոր

1473թ. Էրզրումը գրավել են օսմանյան թուրքերը: XVIդ. 1-ին կեսին այն դարձել է Օսմանյան սուլթանության Էրզրումի նահանգի կամ Էրմանստան (Հայաստան) էյալեթի վարչական կենտրոնը, արդեն XVIIդ. եղել է առևտրական և արհեստավորական խոշոր քաղաք, որտեղ Անգլիան 1690թ. նշանակել է հատուկ առևտրական ներկայացուցիչ: Էրզրումով է անցել Արևելքի երկրներից Եվրոպա տանող տարանցիկ առևտրական գլխավոր ճանապարհներից մեկը: XIXդ. սկզբին Էրզրումի մոտ 30 հազար հայ բնակիչներին պատկանել է քաղաքի 3 հազար խանութների կեսից ավելին:
1829թ. հունիսի 27-ին ռուսական բանակը, հայերի գործուն մասնակցությամբ, գրավել է Էրզրումը, սակայն Ադիրանապոլուսի հաշտության պայմանագրով (1829թ.) այն վերադարձվել է թուրքերին:

Գրավված թուրքական դրոշները Էրզրումում
Գրավված թուրքական դրոշները Էրզրումում

1830թ. ամռանը Էրզրումի 20 հազար, այլ տվյալներով՝ 100 հազար հայեր՝ Կարապետ արքեպիսկոպոսի գլխավորությամբ, քաղաքից հեռացող ռուսական զորքերի հետ գաղթել և հաստատվել են Ռուսաստանին անցած Ախալցխայում, Ախալքալաքում, մասամբ՝ Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում և դրանց շրջակայքում: Նրանց մի մասը XIXդ. 30-ական թթ. սկզբին վերադարձել է Էրզրում: Քաղաքից գաղթածների տներում հաստատվել են Արևմտյան Հայաստանի տարբեր մասերից եկած հայեր և թուրքեր: Քաղաքը խիստ տուժել է 1859թ. երկրաշարժից:

1879թ. փետրվարի 10-ին Էրզրումի թուրքական կայազորը անձնատուր է եղել գեներալ Լորիս-Մելիքովի հրամանատարությամբ քաղաքը պաշարած ռուսական զորքին, սակայն Բեռլինի կոնգրեսի (1878թ.) որոշմամբ այն դարձյալ տրվել է Թուրքիային: Թուրքական և ռուսական իշխանությունների հարուցած արգելքների պատճառով կասեցվել է Էրզրումի և շրջակա հայերի նոր գաղթը: Միայն մի քանի հարյուր հայ ընտանիք կարողացել է անցնել Արևելյան Հայաստան:

1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումը դարձել է հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոն: 1881թ. այնտեղ հիմնվել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական կազմակերպությունը: XIX-XXդդ. սկզբին էրզրումը եղել է հայ մշակույթի խոշոր կենտրոնը:

Հին էրզրումը տարածվել է երեք բլրի վրա, ունեցել է ամրոց (միջնաբերդ), որը 4 դռներով (հյուսիսում՝ Վրաց, արևելքում՝ Թավրիզի, հարավում՝ Յենի, արևմուտքում՝ Երզնկայի) կապվել է երկպարիսպ արվարձաններին: 1801թ. Աբդուլ Ռահման փաշայի հրամանով ոչնչացվել են Երզնկայի և մյուս դռների հոյակերտ խաչքարերը, հայկական կամ հունական արձանագրություններով կոթողների մի մասը: Հնագույնը հայկական թաղամասերն էին՝ սալահատակ, նեղ փողոցներով, հիմնականում՝ երկհարկ, քարակերտ կամ աղյուսակերտ տներով: Հայկական նշանավոր ճարտարապետական կոթողներից էր XVIIդ. զանգակատան տեղում կառուցված Ս.Աստվածածին (Վարի) եկեղեցին: Դեռևս VIIդ. հիշատակվում է Միաբան Աստվածածին եկեղեցին: XVIIIդ. էր հիմնադրվել հայ կաթոլիկների Ս.Մարիամ եկեղեցին: Տասնյակ եկեղեցիներ վերածվել են մզկիթների (օր.՝ Ս.Ստեփանոս եկեղեցու հիմքի վրա կառուցվել է Նյումենեի Քյափեն մզկիթը):

XIXդ. սկզբի 30 հազարից 1914թ. Էրզրումում մնացել էր 15 հազար հայ: 1895-96թթ. համիդյան կոտորածներին էրզրումում զոհ է գնացել ավելի քան 700 հայ: Մեծ եղեռնի ժամանակ էրզրումում առաջին բռնություններն սկսվել են 1915թ. հունվարի 23-ից: Հուլիսի 7-ին ծայր է առել բռնի տեղահանությունը, որի ընթացքում Էրզրումի և հարևան գյուղերի 19 հազար հայ բնակչիներ քշվել են Դերջան-Երզնկա և ոչնչացվել (կենդանի է մնացել 11 մարդ): 1916թ. փետրվարին, երբ ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների մասնակցությամբ գրավել են Էրզրումը, քաղաքում և դաշտի գյուղերում մնացել էր մի քանի հարյուր հայ: Օգտվելով ռազմաճակատի կազմալուծումից՝ թուրքական 25 հազարանոց բանակը 1918թ. փետրվարի 26-ին զավթել է Էրզրումը: Սակավաթիվ զորախմբով քաղաքը պաշտպանել փորձող զորավար Անդրանիկը փրկված էրզրումցի հայերին տեղափոխել է Արևելյան Հայաստան: 1930թ. Էրզրումում ապրում էր մոտ 250 հայ:

Էրզրումի ճակատամարտը խոշոր ձմեռային հարձակում էր՝ մի կողմից՝ Արևմտյան Հայաստանի կարևորագույն կենտրոններում ամրացած թուրքական բանակի և մյուս կողմից՝ Ռուսական բանակի Կովկասյան ռազմաճակատի զորքերի և հայկական կամավորական ջոկատների միջև 1916 թվականի հունվարի 10-ից փետրվարի 16-ը։

Ռազմավարային թուրքական զենքը ռուսների կողմից գրավված Էրզրումում. 1916 թվականի սկիզբ
Ռազմավարային թուրքական զենքը ռուսների կողմից գրավված Էրզրումում. 1916 թվականի սկիզբ
Այն ռուսական բանակի խոշորագույն հաջողություններից մեկն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռուսաստանի Կովկասյան բանակը, գեներալ Նիկոլայ Յուդենիչի գլխավորությամբ, ջախջախեց թուրքական III դաշտային բանակը և գրավեց ռազմավարական կարևորություն ունեցող Էրզրում կամ Կարին քաղաքը, որը համարվում էր Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը, դրանով իսկ իրեն ճանապարհ բացելով դեպի Օսմանյան կայսրության տարածքի խորքը:
Գեներալ Նիկոլայ Յուդենիչ
Գեներալ Նիկոլայ Յուդենիչ