Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 20 հունվարի, 2019 թ.

Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

91
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 11:10
Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ հանդիպումից:

Ջորջ Բարսեղյանը նշել է, որ ակտիվությունը սկսվեց Հայաստանում Սիրիայի նոր դեսպան նշանակվելուց հետո: Դեսպանատան նոր կազմն սկսեց ակտիվ աշխատել Հայաստանում Սիրիայի հայ համայնքի հետ: Այդ ժամանակ ընտրվեց Հայաստանում սիրիահայ համայնքի վարչություն, որը գլխավորեց Ջորջ Բարսեղյանը:

«Հարց դրվեց, որ այս վարչությունն ակտիվացնի Սիրիա-Հայաստան կապերը: Առաջին քայլն այն եղավ, որ հանդիպում խնդրեցինք Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի հետ: Շատ արագ դրական արձագանք եղավ: Հանդիպում նախատեսվեց ոչ միայն Սիրիայի նախագահի, այլև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչությունը պատվիրակություն կազմեց, որում ընդգրկված էին սիրիահայեր, հայաստանցի գործարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ»,- ասել է Ջորջ Բարսեղյանը:

Նա նկատել է, որ Սիրիայի թնջուկը, կարծես, լուծում է ստանում: Բարեբախտաբար, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը կարողացավ ստեղծված իրավիճակը հաղթահարել: ԱՄՆ-ը մտածում է զորքերը դուրս բերելու մասին և արդեն գործնական քայլեր է ձեռնարկում: Մի շարք արաբական երկրներ էլ մտածում են Սիրիայում դեսպանատները բացելու մասին: Այս ամենը ենթադրում է Սիրիայի վերականգնում, իսկ դրա համար բավական խոշոր տնտեսական ծրագրեր են նախատեսված:

«Սիրիական կառավարությունը տրամադրված է այս ծրագրերում առաջնահերթությունը տալ այն երկրներին, որոնք այս տարիներին իրենց կողքն են եղել: Դրանց թվում Հայաստանն է, որը պատերազմի տարիներին դեսպանատունը չփակեց, պետական կապը միշտ պահպանեց, օգնություն ուղարկեց Սիրիա: Եվ առաջիկա վերելքի ընթացքում, բիզնես ծրագրերում, վերականգնման աշխատանքներում առաջնահերություն տրվելու է հայերին»,- ասել է Ջորջ Բարսեղյանը: Նա նկատել է, որ Սիրիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հայկական համայնքին, այդ մասին միշտ է ասվել: Ջորջ Բարսեղյանը պատահական չի համարել այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացավ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել:

Սիրիա կատարած այցելության ընթացքում հանդիպումներ են եղել վարչապետի, խորհրդարանի նախագահի, բիզնես ոլորտի ընկերությունների հետ: Նախանշվել են ուղղություններ հետագա համագործակցության համար:

«Մեր այցելությունը մի քանի նպատակ ուներ: Նախ՝ Հայաստան-Սիրիա կապերի ակտիվացումն ու ամրապնդումը: Դրանից բացի, ցանկանում էինք մեր աջակցությունը հայտնել Սիրիայի նախագահին ու կառավարությանը: Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, որի հասարակության մեծ մասը Սիրիայի ներկա կառավարության կողմնակիցն է, ի վերջո մենք այդ իշխանության կառավարման ժամանակ կարողացել ենք բավական հաջողության հասնել: Պատշաճ առիթ էր մեր աջակցությունը ցույց տալու: Ի վերջո, մենք Սիրիայում ունենք հայ համայնք՝ լինի Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թե Լաթաքիայում: Տեղի հայերը շատ լավ հարաբերությունների մեջ իշխանությունների հետ, մենք պետք է նաև այդ մասին մտածենք»,- ասել է Ջորջ Բարսեղյանը: