Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Իտալական և արգենտինյան երաժշտության երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի մատուցմամբ

377
Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 22:05
Իտալական և արգենտինյան երաժշտության երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի մատուցմամբ

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգը։ Նվագախմբի հետ հանդես է եկել իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Համերգային ծրագիրը ներառում էր իտալացի կոմպոզիտորներ Էննիո Մորիկոնեի, Մարտին Պալմերիի, Ռոբերտո դի Մարինոյի, ինչպես նաև արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։ Երեկոյին ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և հայաստանյան երաժշտասերների հանդիպումը, ինչպես միշտ, ջերմ ու զգացմունքային էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ նվագախմբի համար ավանդույթ է դարձել տարին ամփոփել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համերգով, տոնական տրամադրությամբ ու սիրված երաժշտությամբ։ Դիրիժորն ընդգծել է, որ ամեն անգամ Երևանում Պիետրոդարկին ներկայացրել է նոր ծրագիր՝ յուրաքանչյուր բեմելի ընթացքում անակնկալներ մատուցելով իր երաժշտության սիրահարներին։ Դիրիժորը նաև նշել է, որ Ամանորի արձակուրդներին մի փոքր հանգստանալուց հետո նվագախումբը պատրաստվելու է 2019թ. ելույթներին։