Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կանոններ՝ մթերքը պահելու և պատրաստելու վերաբերյալ

350
Կիրակի, 30 դեկտեմբերի, 2018 թ., 18:10
Կանոններ՝ մթերքը պահելու և պատրաստելու վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ. Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես՝ հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:
Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: Եթե աշխատում եք հում մթերքի հետ, անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ՝ դանակներ, մասնատման տախտակներ և այլն: Պետք է ուշադիր լինել, որ գնումների ժամանակ հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն առանձին դրվեն այլ սննդամթերքից: Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու համար պետք է դրանք պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև: Սնունդ պատրաստելիս պետք է այն ենթարկել մանրազնին ջերմային մշակման: Նշենք, որ վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած: Հարկավոր է մշտապես հետևել, որ կերակուրը լինի լավ եփած կամ տապակած: Պատրաստի կերակուրը պետք է տաքացնել հանգամանորեն։ Պատրաստի մթերքը չի կարելի սենյակային ջերմաստիճանում պահել 2 ժամից ավելի: Արագ փչացող և պատրաստի բոլոր մթերքները պետք է պահել սառնարանում 72 ժամից ոչ ավելի, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները՝ ոչ ավելի, քան 48 ժամ: Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի: Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում: Մթերքը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում: Խորհուրդ է տրվում ընտրել թարմ, չվնասված մթերք: Նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն: Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է մանրազնին լվանալ՝ խմելու, մաքուր, հոսող ջրով: Չի կարելի օգտագործել ժամկետանց մթերք: Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց կամ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել 15-20 րոպե: Եթե կասկած կա ջրի անվտանգության վերաբերյալ, ապա օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել: Խորհուրդ չի տրվում գնել և սննդում օգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից՝ համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Եթե վատ եք զգում, հատկապես, եթե առկա է սրտխառնոց, ցավ որովայնի շրջանում, մարսողության խանգարում և այլն, պետք է զերծ մնալ ընտանիքի և հյուրերի համար սնունդ պատրաստեուց»։