Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Կրակովում նկարի հայտնվելու պատմությունը հետևյալն է...». Ռուբեն Շուխյան

379
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 05:20
«Կրակովում նկարի հայտնվելու պատմությունը հետևյալն է...». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեոնարդո դա Վինչի. «Կզաքիսով տիկինը»...
Հանճարեղ գեղանկարչի այս նկարը՝ կանանց պատկերող նրա չորս կտավներից մեկն է և ընդունված է համարել որպես երկրորդ «Ջոկոնդա»: «Կզաքիսով տիկինը» պահվում է Կրակովի ազգային պատկերասրահի՝ հատուկ պահպանության ներքո գտնվող առանձին սրահում և հանդիսանում է քաղաքի խորհրդանիշներից մեկը, նրա բնակիչների հպարտության առարկան: Կրակովում նկարի հայտնվելու պատմությունը հետևյալն է: 1798-ին կտավն Իտալիայից Կրակով է բերում լեհ իշխան Ադամ Չարտորիսկին: 1830-ի լեհական ապստամբությունից հետո Չարտորիսկիների ունեցվածքը բռնագրավվում է Ռուսական կայսրության կողմից, սակայն Ադամ Չարտորիսկին իր հավաքածուն և «Կզաքիսով տիկինը» կտավը հասցնում է ուղարկել Փարիզ, որտեղ բնակություն է հաստատում նաև իշխանը։ 1876-ին հավաքածուն վերադառնում է Լեհաստան, և Կրակովում բացվում է ներկայումս հանրահայտ Չարտորիսկիների թանգարանը՝ հենց այնտեղ էլ իր տեղն է գտնում «Կզաքիսով տիկինը»: Առաջին աշխարհամարտի տարիներին կտավն ապահովության համար տեղափոխվել է Դրեզդենի պատկերասրահ: Երկրորդ աշխարհամարտից առաջ այն թաքցվել է, սակայն 1939-ին կտավը հայտնվել է նացիստների ձեռքում։ Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացումից հետո 1939-ին նկարը տարհանվել է Լինց՝ Հիտլերի թանգարան, հետո հայտնվել կայզեր Ֆրիդրիխի բեռլինյան թանգարանում (այժմ՝ Բոդե թանգարան)։ 1940-ին Լեհաստանի գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկը հրամայում է կտավը վերադարձնել Կրակով։ Պատերազմի վերջում լեհ-ամերիկյան հանձնաժողովը կտավը հայտնաբերում է Ֆրանկի՝ Բավարիայում գտնվող տանը, և 1946-ին «Կզաքիսով տիկինը» վերջապես վերադարձվում է Կրակովի Չարտորիսկիների թանգարան: Երկու տարի առաջ պետությունը Չարտորիսկիների ժառանգներից գնում է նկարի սեփականության բոլոր իրավունքները, և այժմ Լեոնարդո դա Վինչիի այս գլուխգործոցը հանգրվանել է Կրակովի ազգային պատկերասրահում»: