Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Այսօր Արմեն Տիգրանյանի ծննդյան օրն է

1800
Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 14:35
Այսօր Արմեն Տիգրանյանի ծննդյան օրն է

Հայ երաժշտության ականավոր ներկայացուցիչ Արմեն Տիգրանյանը (1879 դեկտեմբերի 26, Ալեքսանդրապոլ–1950 փետրվարի 10, Թբիլիսի) պատկանում է արվեստագետների այն սերնդին, որը կամուրջի դեր խաղաց ազգային երաժշտական մշակույթի երկու տարբեր շրջանների միջև: Որպես ձևավորված և իր ուրույն ոճն ունեցող կոմպոզիտոր, հանդես գալով դեռևս խորհրդային կարգերի հաստատումից առաջ, նա ստեղծագործական և երաժշտական-հասարակական արգասավոր գործունեություն ծավալեց խորհրդային շրջանում:

Արմեն Տիգրանյան հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիրն է։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912) և «Դավիթ-Բեկ» (1950) օպերաները:

Արմեն Տիգրանյանի հուշարձանը Երևանում
Արմեն Տիգրանյանի հուշարձանը Երևանում

Արմեն Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում: Վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ 1894 թ-ին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից: Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում: Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները։

Տիգրանյանը գրել է երաժշտություն նաև թատրոնի համար (Տիգրան Հախումյանի «Խավարի ճանկերում», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», «Գիքոր», «Մի կաթիլ մեղր» (երկուսն էլ՝ ըստ Հովհաննես Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի), «Նամուս» (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), «Սամվել», «Դավիթ Բեկ» (երկուսն էլ՝ ըստ Րաֆֆու) և այլն), հայերեն է թարգմանել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» և Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները։

Արմեն Տիգրանյանի հուշատախտակը Երևանում
Արմեն Տիգրանյանի հուշատախտակը Երևանում

Տիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը։

Արմեն Տիգրանյանը թաղված է Երևանի Կենտրոնական Գերեզմանոցում, ավելի հայտնի Թոխմախի գերեզմանոց անվամբ: