Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Զվարթնոցում կբացվի Գուրոսի ցուցահանդեսը

388
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 20:10
Զվարթնոցում կբացվի Գուրոսի ցուցահանդեսը

Դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ինքնուս լուսանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) գեղանկար և լուսանկար աշխատանքների ցուցահանդեսը։ Գուրոսը ծնվել է Գորիսում՝ Մելիք Օհանյանների հայտնի գերդաստանում։ Քսաներկու տարեկանից զբաղվել է լուսանկարչությամբ՝ փաստագրել հայրենի բնաշխարհի գողտրիկ անկյունները, ամենահետաքրքիր ու նվիրական պատկերները, գորիսեցիների, քաղաքի կենցաղը, կասկադային ճարտարապետություն ունեցող գյուղերը: Գուրոսի հույզերն ու ապրումները յուրովի են արտահայտվում նաև կերպարվեստում։ Նրա ստեղծագործություններում զգացվում է անսահման սեր ու նվիրվածություն ծննդավայրին, բնությանը: Լուսանկարչի՝ պատմական հուշարձաններին նվիրված գեղանկար աշխատանքներից քսանհինգը, նաև բնօրինակ ապակե սևանկարների մի զգալի մասը (1988 թ.), պահվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։ Ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են պատմական հուշարձաններին նվիրված բարձրորակ կրկնօրինակներ՝ կատարված սևանկարներից և քսանհինգ գեղանկար աշխատանք։

Հ. Գ. 1928-ին Գորիսում Գուրոսը բացել է գեղարվեստական լուսանկարչատուն, որը գործել է մինչև 1932թ.։ 1933-ին ընտանիքով Գուրոսը տեղափոխվել է Երևան։ Լուսանկարչի կյանքում շրջադարձային է եղել ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հետ հանդիպումը: Վարպետի միջնորդությամբ 1936թ. Գուրոսը ուսանել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (6 ամիս)։ Նույն տարում մասնակցել է նաև հանրապետական ցուցահանդեսների: 1945, 1958, 1968թթ․ կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ Երևանում, 1939, 1958թթ․ Մոսկվայում մասնակցել է հայկական արվեստի տասնօրյակներին։