Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի կառավարությունը վերացնում է պետական մշակութային քաղաքականության ու մշակույթի բնագավառում ռազմավարություններ մշակող ու իրականացնող կառուցը». Երանուհի Մարգարյան

417
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 00:10
«Հայաստանի կառավարությունը վերացնում է պետական մշակութային քաղաքականության ու մշակույթի բնագավառում ռազմավարություններ մշակող ու իրականացնող կառուցը». Երանուհի Մարգարյան

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և սփյուռքի համայնքների բոլոր կուսակցական և մշակութային կազմակերպություններին տեղեկացնում եմ հետևյալի վերաբերյալ: Ամիսներ առաջ համաժողովրդական հզոր շարժման արդյունքում ՀՀ կառավարության ղեկը ստանձնած իշխանությունն այսօր շրջանառության մեջ է դնում մի իրավական ակտի նախագիծ, ըստ որի փոփոխություններ են նախատեսվում ՀՀ կառավության կառուցվածքում: Նախագծում շրջանառության մեջ է դրվել ՀՀ մշակույթի, սպորտի նախարարությունների միացում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և միասնական սուպեր-նախարարության ստեղծում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն անվամբ: Հայաստանն այն բացառիկ երկիրն է, որի տարածքում ապրող բնակչությունը 10 հազարավոր տարիներ շարունակ շարունակաբար ապրել է նույն տարածքում, ստեղծել է հարուստ մշակութային ժառանգություն, որի պահպանման և սերունդներին փոխանցման համար մղել է կատաղի պայքար բոլոր տեսակի նվաճողների ու ոչնչացնողների դեմ: Հայաստանի Հանրապետությունը միատարր պետություն է, որի հիմնական հարստությունն իր մշակութային բացառիկությունն ու պահպանած ինքնությունն է: Հայաստանի Հանրապետությունը շրջապատված է բացահայտ թշնամի և ոխերիմ բարեկամ պետություններով՝ որոնք իրենց ներկայիս զբաղեցրած աշխարհագրական տարածքում չունենալով սեփական մշակութային ժառանգության որևէ հետք՝ շարունակաբար ոտնձգություններ են կատարում հայոց մշակույթի նկատմամբ, յուրացնում են այդ մշակույթը և անգամ Արցախյան հակամարտության ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում հենց այդ կերպ հսկայական գումարներ ծախսելով՝ պայքարում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ: Թուրքիան և Ադրբեջանը տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում աշխարհին մեզնից յուրացրած, գողացած մշակույթը ադրբեջանական կամ թուրքական հանրահռչակելու կամ տարածելու ուղղությամբ, իսկ այսօր Հայաստանի կառավարությունը հակադարձ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ վերացնում է պետական մշակութային քաղաքականության ու մշակույթի բնագավառում ռազմավարություններ մշակող ու իրականացնող կառուցը: Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա մշակույթի նախարարություն, այն էլ հզոր նախարարություն՝ ոլորտին տիրապետող ուժեղ, կառավարչական հմտություններով անձի գլխավությամբ: Պետք զերծ լինի քաղաքական փոփոխություններից, որովհետև տարիներ շարունակ քաղաքական տարբեր իշխանություններ միանգամայն նպաստել են հայոց մշակույթի ոչ բավարար պահպանմանն ու հաճախ իրենց քաղաքական սխալ մոտեցումներով վնաս պատճառել մշակույթին: Մշակույթի Նախարարությանը պետք է տրվի լայն լիազորություններ և միջոցներ՝ մշակույթը պահպանելու և ազգային արժեհամակարգի վրա ձևավորված հասարակություն ստեղծելու համար: Մշակույթի նախարարության ներսում մասնագետների տարիներով պայքարի ձայնը պետք է լսելի լինի իշխանությունների համար և ոչ թե մասնագետներին ճնշելով՝ առաջ տանեն քաղաքական սխալ որոշումներ: Իմ բոլոր կոլեգաներին և մշակույթի պահպանման հարցում մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում բարձարցնել բողոքի ձայն՝ Հայոց մշակույթի պահպանության ու ազգային արժեհամակարգի հաղթանակի համար: Մշակույթի նախարարության գոյությունը ռազմավարական նշանակություն ունի և պետք է մշակույթը երկրում դիտարկվի որպես ոչ միայն պետության գոյության նախապայման, այլև՝ երկրի տնտեսական զարգացման հիմնական ռեսուրս: