Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

455
Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ., 18:20
Քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, «Մարդը կարիքի մեջ» (“People in need”) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին:

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության առաքելությունը և առաջիկա նախաձեռնությունները, մասնավորապես, Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ նման ծրագիրը խիստ կարևոր է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ նպաստում են գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղերի բացմանը և եկամուտների ավելացմանը:

Հյուրերի տեղեկացմամբ՝ բրդի վերամշակման երկամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել բրդի ողջ արժեշղթայի զարգացմանը՝ ոչխարաբուծությունից մինչև տարատեսակ ապրանքների արտադրություն: Այն մշակվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ ջանքերով, իրականացվելու է 2019 թվականին «ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում:

Ծրագրով նախատեսվում է նաև տեղի բալբաս տեսակի ոչխարների տրամախաչում կորիդել տեսակի բրդամսատու տեսակի հետ։ Նախաձեռնողներն ակնկալում են, որ բարեհաջող ընթացքի դեպքում այն կկիրառվի նաև այլ մարզերում:

Պատրաստակամություն հայտնելով աջակցել վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչմանը՝ Գեղամ Գևորգյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նաև այլ նախաձեռնությունների, մասնավորապես՝ գյուղատնտեսական քոլեջների ստեղծման և փորձացուցադրական այգիների հիմնման հնարավորությունը: