Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ուզում եմ, որ վստահ լինեք՝ ձեր ձայները չեն փոշիացել». Միքայել Նահապետյան

393
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 19:00
«Ուզում եմ, որ վստահ լինեք՝ ձեր ձայները չեն փոշիացել». Միքայել Նահապետյան

ՔՈ ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքիս լավագույն առավոտն եմ դիմավորել։ Նոր ծնվածի պես մաքուր, առանց չարության նշույլի։ Մեզ տրված 8533 քվեից յուրաքանչյուրը մեզ վստահված ճակատագիր է։
Սիրելի՛ ընտրողներ, ուզում եմ, որ վստահ լինեք՝ ձեր ձայները չեն փոշիացել։ Ձեր ձայները մեր մտքերում են, ձեր ձայները մեր սրտերում են, ձեր ձայները մեր շուրթերին են, որոնցով օր ու գիշեր խոսելու ենք սոցիալական պետության մեր համատեղ երազանքի մասին։ Ձեր ձայները չեն փոշիացել, որովհետև մարդը վիճակագրական տվյալ չէ, մարդը իշխանություն ստանալու գործիք չէ, որ անպիտան դառնա։ Ամեն քվեի մեջ մի երազանքի, մի վստահության, մի զգացմունքի պատմություն է։
Ուզում եմ վստահ լինեք, որ, երբ մտածում եք սոցիալական արդարության, սոցիալական պետության, համընդհանուր բարեկեցության մասին՝ մենք այդ պահին ներդաշնակ ենք մեր մտքերով։ Ուզում եմ վստահ լինեք, որ կարող եք հույս դնել մեզ վրա, և մենք էլ հույս ենք դնում ձեր վրա։ Ուզում եմ վստահ լինեք, որ մենք օր ու գիշեր աշխատելու ենք՝ մենակների մեր բազմությունը համերաշխների հասարակություն դարձնելու համար։ Մենք սփռվելու ենք հանրապետությունով մեկ, մենք քաղաքական ձևակերպում ենք տալու ձեր խուլ կամ հախուռն բողոքներին։
Շնորհավորում եմ խորհրդարան անցած հեղափոխականներին։ Մեր կյանքի նախընթաց շրջանում մենք սովորել ենք իրարից, կրթել ենք իրար, պահել ենք իրար, հաղթել ենք իրար, պարտվել ենք իրար, բայց չենք ատել, չենք դադարել հավատալ ազատ, արդար ու համերաշխ Հայաստանի մեր երազանքին։
Խոնարհվում եմ բոլոր կեղծված ընտրություններից հետո կոտրված, ծեծված, բանտված, սպանված իմ քույրերի ու եղբայրների առաջ՝ դուք ձեր մարմնով կամուրջ եք դարձել Նոր Հայաստանի ճանապարհին։
Ուզում եմ հուսալ, որ Նոր Հայաստանում սրանք վերջին ընտրություններն էին, որ անց էին կացվում հին կարգերով, հին բարքերով՝ պայմանավորված հին օրենսգրքով։ Հաջորդ ընտրությունները պիտի անցնեն արդար ընտրակարգով, առանց բանդիտական խմբավորումների, առանց ապաքաղաքական թունոտ մթնոլորտի»։