Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ժամանակն է, որ այդ կուսակցության առաջնորդը հեռանա քաղաքականությունից». Վահրամ Թոքմաջյան

394
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 06:05
«Ժամանակն է, որ այդ կուսակցության առաջնորդը հեռանա քաղաքականությունից». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ինչ, ամփոփենք. շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին՝ կայացրած հաղթանակի համար: 1991թ-ից հետո, ընտրողները նման վստահության քվե դեռ որևէ ուժի չէին տվել: Մյուս կողմից, հասկանում ենք, որ այս մեծ առավելությունը կրկնակի և եռակի պարտավորեցնում է: Չեմ կարող չասել, որ հասարակությունը մեծ հաշվով իր քվեն տվել է ոչ թե «Իմ քայլը» դաշինքին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի անձի մեջ, նրան հավատացողները տեսնում են տրիքստերի տարբեր դրսևորումները: Բայց ամենակարևորը՝ հնի ջախջախումը և նորի ստեղծումը: Հուսանք՝ կհաջողի: ԲՀԿ-ին չէի ուզենա տեսնել խորհրդարանում այս կազմով, սակայն արդյունքը կասկածի տակ դնել չենք կարող: Ժամանակն է, որ այդ կուսակցության առաջնորդը հեռանա քաղաքականությունից և զբաղվի միայն բիզնեսով: Իսկ կուսկացությունը ռեստավրացվի և դառնա միջին ու մանր բուրժուազիայի շահերի ներկայացուցիչ: «Լուսավոր Հայաստանի» պարագայում, ուրախ եմ առանձին անհատների համար: Ձեր գերակշիռ մասը ուրախանում է ՀՀԿ-ի չանցնելով: Ինձ կրկնակի ուրախություն է պատճառել ՀՅԴ-ի չանցնելը խորհրդարան, ինչի մասին երիցս ասել եմ: Բա սա կյանք է՞: Երիտթուրքական խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 12 մանդատ, իսկ հարազատ խորհրդարանում՝ մանդատ չունի: Կուզենայի տեսնել 4-րդ ուժ, բայց չեղավ: Տևական դադարից հետո, ունեցանք ընտրություններ, որտեղ չեղավ փող ու բռնություն: Հանգուցյալներն հանգիստ պառկած էին իրենց շիրիմներում: Որոշ դեպքերում, հատկապես առաջատար ուժերի պարագայում, ունեցանք անազնիվ մրցակցություն հենց ներսում՝ ռեյտինգային թեկնածուների միջև: Դա այդ ուժերի քննարկելիք խնդիրն է և այս ԸՕ-ի «նվիրած»: Դեռ երկար կքննարկենք նաև այն, որ այս ինչ թեկնածուն պատգամավոր է 2000 ձայնով, այն ինչը՝ 8000-ով պատգամավոր չէ: Բարի ընթացք ու արդյունավետ աշխատանք բոլորին՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
Հ. Գ. Վերջում, իմ խասյաթի համաձայն, չեմ կարող վատ ճիշտը չասել: Իշխող ուժի որոշ ռեյտինգայինների, հատկապես՝ որոշ մարզպետների և այլն, խորհուրդ կտամ ամպագոռգոռ չգրել՝ շնորհակալ եմ աշխատանքս գնահատելու և վստահության քվե տալու: Նորից եմ կրկնում, այդ քվեների 90 տոկոսը Նիկոլ Փաշինյանինն է: Դուք դեռ ոչինչ չեք արել, որ գնահատանքի արժանանաք»: