Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

Դանակահարություն և կրակոցներ Երևանում

294
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 18:45
Դանակահարություն և կրակոցներ Երևանում

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հնչել է հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանում ապրող 35-ամյա մի տղամարդ։

Ժամը 22-ն անց 35-ի սահմաններում էլ Նաիրի բժշկական կենտրոնից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 44-ամյա անձինք։

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գործող հաստատությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։ Քրեական հետախույզները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները սենյակի հատակին հայտնաբերել են հրազենի գնդակներից առաջացած վնասվածքներ, որոնցից մեկում անգամ, նախնական տվյալներով՝ գնդակ կար։

Փողոցում և շինության ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, արնանաման հետքերով՝ ատրճանակի փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով և այլն։ Քրեական հետախույզները պարզել են ապօրինի հրազենով կրակողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են հետախուզական ու որոնողական տարաբնույթ միջոցառումներ, ինչպես և բացատրական աշխատանք։

Պարզվել են միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Մի շարք անձինք ներկայացվել են դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին՝ հարցաքննության։ Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։