Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Շատ երկար ցուցակ է, համբերությամբ կարդացեք». Լիզա Ճաղարյան

532
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 17:00
«Շատ երկար ցուցակ է, համբերությամբ կարդացեք». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գլխավոր կալանավորի նկատմամբ «անարդար» որոշման դեմ վայնասուն բարձրացնողներ և մոռացկոտներ, թարմացրեք ձեր բութ հիշողությունը։
Քոչարյանի ժողովրդավարական և ազատ-արդար ժամանակների սպանությունների շարքն է։
Ընդամենը՝ սպանությունների։ Հրեշավոր բռնությունների, անմեղ մարդկանց տարիներով բանտերում փակելու, խոշտանգելու, ընտանիքներ կործանելու մասին այստեղ խոսք չկա։ Մի ամբողջ կյանք չի հերիքի այս օրերին ներկա իշխանության «բիրտ» մեթոդների դեմ ճամարտակողների աչքը մտցնելու համար։
Շատ երկար ցուցակ է, համբերությամբ կարդացեք։

Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով՝ նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:

Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Դեպքից մեկ ժամ անց, Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. Դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը և հանցագործությունը համարվեց բացահայտված:

Վահրամ Խորխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:

Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով՝ երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

1999-ի հոկտեմբերի 27-ի կոտորած
Վազգեն Սարգսյան. ՀՀ վարչապետ
Կարեն Դեմիրճյան. ԱԺ նախագահ
Յուրի Բախշյան. ԱԺ փոխնախագահ
Ռուբեն Միրոյան. ԱԺ փոխնախագահ
Լեոնարդ Պետրոսյան. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար:
Արմենակ Արմենակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր:
Հենրիկ Աբրահամյան. ԱԺ պատգամավոր:
Միքայել Քոթանյան. ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս:

Շարունակենք կարդալ
ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում ԲաղրամյանևԿիևյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց մի 30-35 տարեկան քաղաքացու։

Գագիկ Պողոսյան. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից: Սպանությունը բացահայտված չէ:

Պողոս Պողոսյան. Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների ծեծի հետևանքով՝ «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար: Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:

Տիգրան Նաղդալյան. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:

Աշոտ Մխիթարյան. ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն: 2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ և հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել և սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման և պայմանական ազատ արձակվեց:

Տիգրան Պետրոսյան. Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, սպանողը նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանն է, որսորդական հրացանով:

Ռոլանդ Մկրտչյան. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձինք իր տնից դուրս են կանչել և սպանել:

Շահեն Հովասափյան. ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղևորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:

2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձը սպանել է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը:

2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձինք սպանել են Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանին։

Վանուշ Թորոսյան. «Դվին» հյուրանոցի տնօրեն: Սպանվել է 2003թ. օգոստոսի 31-ին Մոսկվայում հրազենային կրակոցից: Նրա հետ միասին սպանվել են նաև ԱՎՄ /Ազատամարտի վետերանների միություն/ նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը և ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:

2005թ. փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ զոհվել է Մհեր Տեր-Հովհաննիսյանը:

Ռաֆայել Շահմուրադյան. Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար: Սպանվել է 2005 թ. փետրվարի 6-ին ՌԴ Սամարայի մարզում՝ Տոլյատի քաղաքի ճանապարհին:

Լևոն Գուլյան. «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր: 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն՝ 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև՝ Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված: Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ և մահացավ: Պաշտոնական վարկածի համաձայն իբր նա ցանկացել է փախուստի դիմել և 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:

Սեդրակ Զատիկյան. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին: Սպանվել է 2006 թ.հունիսի 22-ին, օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաև անցորդ, 1969թ ծնված Կարինե Սարգսյանը:

Ալեքսանդր Գիվոև. Սպանվել է 2006 թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա՝ գնումներ կատարելիս: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաև վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:

2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:

2007թ. օգոստոսի 12-ի գիշերը «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբի մոտ անհայտ անձը դանակահարել էր Արտակ Ալեքսանյանին և Արթուր Սիմոնյանին: Հետագայում նա հիվանդանոցում մահացել է: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ այդ վիճաբանությանը մասնակից է եղել նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանի որդին:

2008-ի մարտի 1-ի անմեղ զոհեր
- Գոռ Քլոյան - սպանվել է բեկորային վնասվածքներից։ Նրա մարմնից հանել են մետաղի կտորներ։ Պաշտոնական վարկածի համաձայն, մահվան պատճառը «Չերյոմուխա» պայթուցիկի հասցված վնասվածքներն են։
- Տիգրան Խաչատրյան - սպանվել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից։ Գանգի խոռոչից հանվել է օտար մարմին՝ մետաղի կտոր։ Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը։
- Դավիթ Պետրոսյան - սպանվել է կրծքավանդակի թիկունքից հասցված հրազենային վնասվածքից։
- Տիգրան Աբգարյան - ծառայել է ոստիկանական հատուկ զորքերում։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին։
- Արմեն Ֆարմանյան - սպանվել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառն է«Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը։
- Հովհաննես Հովհաննիսյան - սպանվել է հրազենային վնասվածքից Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում։
- Համլետ Թադևոսյան - ոստիկանության զորքերի կապիտան։ Սպանվել է հրազենային բազմաբեկորային վնավածքների՝ նռնակի պայթյունից:
- Գրիգոր Գևորգյան - սպանվել է Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա՝ դիպուկահարի կրակոցից։
- Զաքար Հովհաննիսյան - սպանվել է Մաշտոցի շուկայի դիմաց՝ «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից։
- Սամվել Հարությունյան - սպանվել է Մաշտոցի գետնանցումի վրա՝ «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։
#մարդակեր#»: