Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում
![]() Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ Գյումրու Սև բերդում դեկտեմբերի 7-ին կազմակերպվել է մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ՝ ունկնդրին է ներկայացվել Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլ պաշտոնատար անձինք, հյուրեր, արվեստագետներ: Միջոցառման մեկնարկն ազդարարվել է տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան): Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես են եկել դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ ներկայացել են Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս): «Այս համերգի գաղափարը ծագել էր դեռևս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանի կողմից: Ներգրավվեցինք նաև Գյումրու մշակութային երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երևանի և Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,- նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը: Նրա խոսքով՝ նմանատիպ համերգով ևս մեկ անգամ փորձ է կատարվել հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստել է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր: «Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի, որ անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գամ ինչ-որ նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք և շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»,- նշել է Ռոբերտ Մլքեյանը: Համերգն անցել է լեփ-լեցուն սրահում՝ մասնակիցների անվերջ ծափահարությունների ներքո: Իսկ ընդամենը օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել էր ևս մեկ «Ռեքվիեմ»՝ Բրուքների ստեղծագործությունը, որը կրկին հնչել է ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի զոհերի: ![]() ![]() |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54


