Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Անցնող 30 տարիների ընթացքում մենք միայն իրար հաջորդող խոստումներ լսեցինք». Էդմոն Մարուքյան

115
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 10:15
«Անցնող 30 տարիների ընթացքում մենք միայն իրար հաջորդող խոստումներ լսեցինք». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, վայրկյանների ընթացքում Սպիտակի մեծ երկրաշարժի արդյունքում ավիրածություններ եղան Հայաստանի շուրջ 21 քաղաքներում և 324 գյուղերում, ամբողջությամբ ավիրվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու շինությունների 80%-ը, լուրջ վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: Պաշտոնական տվյալներով, վայրկյանների ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան: Արհավիրքին զուգորդեց արցախյան ազատամարտը, տնտեսական շրջափակումը, բազում կորուստներն ու զրկանքները, որ կրեց մեր ժողովուրդը:
Անցնող 30 տարիների ընթացքում մենք միայն իրար հաջորդող խոստումներ լսեցինք՝ «Վերականգնում, ժամկետը՝ երկու տարի», «Մեր տունը մենք պիտի կառուցենք», «Աղետի գոտին այլևս՝ զարգացման գոտի» և այլն:
Աղետի գոտին կմնա աղետի գոտի, քանի դեռ չի լուծվել տնակային ավանների բնակարանային խնդիրը, քանի դեռ չի լուծվել աղետի գոտու բնակչության զբաղվածության խնդիրը: Այսօր չեմ ցանկանում խոսքս քարոզչական բնույթ ունենա, պարզապես ուզում եմ գլուխ խոնարհել անմեղ նահատակված հայրենակիցներիս շիրիմների առջև և հավատալ, որ Հայաստան աշխարհի բոլոր աղետներն ու պատերազմները միայն անցյալ ժամանակ կունենան»: