Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

Մամեդյարովն ու Մնացականյանը կհանդիպեն 2019թ. սկզբին

174
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 21:30
Մամեդյարովն ու Մնացականյանը կհանդիպեն 2019թ. սկզբին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասված է Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և զոհերի մասին լուրերի զգալի նվազումը Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցից հետո: Համանախագահները դիմել են կողմերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու և երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կարող է վերսկսվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կոնկրետ արդյունքների միտված ինտենսիվ երկխոսությունը՝ հակամարտության արդարացի և կայուն կարգավորմանը հասնելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը վերահաստատել են հետագա լարվածությունը թուլացնելու և հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ևս մեկ անգամ հանդիպել 2019թ. սկզբին: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: