Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Տպավորիչ էր հատկապես ստորին հատվածում զինավառ հեծյալի քանդակը». Սամվել Կարապետյան

886
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 05:05
«Տպավորիչ էր հատկապես ստորին հատվածում զինավառ հեծյալի քանդակը». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչքար՝ Երիցուշենից, ԺԳ դարի սկիզբ (երեկ 31 տարվա մուրազս կատարվեց)...

Դեռևս 1987թ. ֆիզիկոս ընկերոջս՝ Վլադիմիր Հարությունյանի ու իր երկու ընկերների հետ առիթ էի ունեցել լինել Երիցուշենի եկեղեցում, որի հարավային որմի ստորին շարվածքում, միայն կիսով չափ երևացող մի գեղաքանդակ խաչքար կար: Հուշարձանն ամբողջական տեսնելու ցանկությունը մեծ էր և օգտվելով տեղի թուրք գյուղացիների բարյացակամ վերաբերմունքից, նաև հենց իրենց օգնությամբ փորեցինք-բացեցինք խաչքարն ամբողջությամբ: Տպավորիչ էր հատկապես ստորին հատվածում զինավառ հեծյալի քանդակը: Այն օրերի լուսանկարչական լավագույն գործիքով՝ «Զենիթովս» մի քանի նկար վերցրի, սակայն թերևս տեղը մութ լինելու պատճառով դրանք չափազանց անորակ էին ստացվել: Ճիշտ է, շրջանի ազատագրումից հետո ևս երկու անգամ (1993 և 1994թթ.), առիթ ունեցել էի լինել Երիցուշենում, բայց այդ առիթներն օգտագործել էի եկեղեցու չափագրման համար և խաչքարի լուսանկարումն էլի մնացել էր ապագային: Միշտ հիշում էի Երիցուշենին մնացած պարտքս, սակայն հակառակ իրար հետևից սահող տարիներին, այն մարելու առիթը կարծես չէր ընձեռվում: Վերջապես՝ երեկ, մեկ անգամ ևս եղա Երիցուշենում և եղբորս հետ 1987թ-ից հետո մի երկրորդ անգամ փորեցինք-հեռացրինք խաչքարը կիսով չափ ծածկած հողը և լուսանկարեցինք՝ ի վայելումն արվեստասեր հասարակության»: