Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն. ՀՀ ԱԳՆ

111
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 09:50
Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 5-ին Միլանում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։

Մնացականյան-Մամեդյարով երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։

Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում: