Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պետական կամերային երաժշտական թատրոնը նշեց 30-ամյակը

1926
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 17:35
Պետական կամերային երաժշտական թատրոնը նշեց 30-ամյակը

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«1988 թվական. արցախյան շարժում, սումգայիթյան ջարդեր, ավերիչ երկրաշարժ..., իսկ Երևանում ծնվում էր նոր թատրոն: Պատահականություն, թե՞ ի հեճուկս այս ամենի.
Պետական կամերային երաժշտական թատրոնի երկարամյա տնօրեն, ռեժիսոր ու դերասան Դավիթ Հակոբյանն այստեղ խորհուրդ է տեսնում.
«1915 թվականի կոտորածներից հետո Հովհաննես Թումանյանը գրեց «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը՝ տեսնելով Հայաստանի հզոր ու լուսավոր ապագան: Հարատևության այդ խորհուրդը մենք չենք կարող անտեսել երբեք»,-ասաց Դավիթ Հակոբյանը:
Դավիթ Զալյանի (գեղարվեստական ղեկավար)մեծ ջանքերի շնորհիվ ժամանակին այս թատրոնը հիմնվեց որպես մանկական երաժշտական թատրոն: 1997 թվականին այն վերանվանվեց Երաժշտական կամերային պետական թատրոնի:
«Մեր թատրոնը սկիզբ է առել Պուշկինի 4 հասցեում: Ծանր տարիներ էին, բայց խումբն աշխատում էր մեծ ոգևորությամբ, հրաշալի ներկայացումներ էին ծնվում: Ամիսներով աշխատավարձ չէինք ստանում, բայց դա չէր խանգարում, որ աշխատանքի գանք ու մեծ դժվարությամբ պահենք մեր թատրոնը: Պռոշյան փողոցի վրա գտնվող այս հասցե (մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ) ենք տեղափոխվել շուրջ 24 տարի առաջ : Թատրոնի կոլեկտիվը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, բայց այսօր ունենք հրաշալի տնօրեն՝ ի դեմս Հռիփսիմե Առաքելյանի, որի հետ մեծ սիրով ենք աշխատում և չենք էլ ուզում պատկերացնել, որ կարող ենք բաժանվել»,-ասում են Թատրոնի հնաբնակները՝ հանդերձապահ Գայանե Հովհաննիսյանն ու բեմահարդարման պատասխանատու (ռեկվիզիտ) Վարդ Հովհաննիսյանը:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս թատրոնի բեմում է 17 տարեկանից: Հայաստանյան թատրոնների բազմազանության մեջ ինչո՞վ է առանձնանում Պետական կամերային երաժշտական թատրոնը, հարցին արձագանքում է.
«Մեր թատրոնն առանձնանում է իր երիտասարդությամբ. հիմնականում երիտասարդ կադրեր են, կա նոր ոճ, նոր մոտեցում: Երիտասարդներ են, բայց յուրաքանչյուրն ունի ընդգծված անհատականություն: Կարծում եմ, որ թատրոնում սա շատ կարևոր է: Տասը տարի առաջ այս թատրոն «ներխուժեցի» Դավիթ Հակոբյանի շնորհիվ: Այստեղ եմ սովորել՝ ինչ է, թատրոնը, ինչ է բեմը»:
«Թատրոնը մարդու ներքին աշխարհի դրսևորումն է, դա զգացմունքների արտահայտությունն է»,-Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի բեմադրած հոբելյանական միջոցառումից առաջ ասած ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանը՝ արձակուրդում գտնվող նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի ու նախարարության ամբողջ աշխատակազմի անունից շնորհավորանքի ուղերձ հղելով Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվին: