Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Անվանի դիրիժորը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համեմատել է թանկարժեք ադամանդի հետ, որն անընդհատ պետք է փայլեցվի

554
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 00:15
Անվանի դիրիժորը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համեմատել է թանկարժեք ադամանդի հետ, որն անընդհատ պետք է փայլեցվի

Նոյեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դաշնակահար Վահագն Պապյանը և դիրիժոր Միխալիս Էկոնոմուն ներկայացրին Էրիխ Վոլֆգանգ Քորնգոլդի, Ջորջ Գերշվինի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից։
Մեծ ճանաչում ունեցող դաշնակահար Վահագն Պապյանն առաջին անգամ չի հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Ես հարյուր տարի ճանաչում եմ այս նվագախմբին, շատ լավ վիճակում է։ Դիրիժոր Միխալիս Էկոնոմուի հետ բեմում առաջին անգամ ենք համագործակցում։ Բարձրակարգ դիրիժոր է, իր մասնագիտությանը շատ լավ տիրապետող, ինչը հաճելի է դարձնում համատեղ աշխատանքը»,- ասել է դաշնակահարը։
Պապյանը հանդես է գալիս և՜ որպես դաշնակահար, և՜ որպես դիրիժոր, միաժամանակ դիրիժոր և դաշնակահար։ Երաժիշտն ասում է, որ երկու մասնագիտությունն էլ իրեն հոգեհարազատ են, և դրանց նա վերաբերվում է մասնագիտորեն։ Բայց խոստովանում է, որ չի սիրում միաժամանակ նվագել ու ղեկավարել. «Մեկ-մեկ ես դա անում եմ, բայց չգիտեմ՝ ինչու։ Ես սիրում եմ կենտրոնանալ կա՜մ դիրիժորության, կա՜մ նվագելու վրա»։
Դիրիժոր Միխալիս Էկոնոմուն նշում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում հրաշալի մարդիկ ու երաժիշտներ են. «Բարձր մակարդակի նվագախումբ է։ Ֆանտաստիկ լարային կազմ ունի կոլեկտիվը։ Նվագախմբի հիմքը լարային գործիքներն են, ձեր լարային նվագողները ուղղակի հրաշալի են, ինչը շատ ինքնատիպ հնչողություն է հաղորդում։ Բարձր մակարդակ ունեն նաև այլ գործիքներ նվագող երաժիշտները։ Շատ կարևոր է, որ կոլեկտիվի անդամները սիրում են աշխատել։ Մեր այս համերգի փորձերին նրանք բոլորովին չէին հոգնում, թեև ծրագիրը բավականին դժվար էր, բայց ես որևէ մեկի մոտ հոգնածության նշույլ չնկատեցի, ամբողջ ընթացքում նրանք կենտրոնացած աշխատում էին»,- ասում է անվանի դիրիժորը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համեմատելով թանկարժեք ադամանդի հետ, որն անընդհատ պետք է փայլեցվի։
Միխալիս Էկոնոմուն բարձր է գնահատում նաև Վահագն Պապյանի հետ համագործակցությունը. «Նա ֆանտաստիկ երաժիշտ է, լավ անհատականություն, որն իր ամբողջ զգացողություններն ու հույզերը փոխանցում է և՜ մեզ, և՜ հանդիսատեսին»։
Նշենք, որ համերգին ներկա էին նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ԴասA ծրագրի մասնակիցները՝ Երևանի թիվ 118 և 94 ավագ դպրոցների աշակերտները, որոնք նախապես տեղեկություններ ստանալով դասական երաժշտության մասին՝ նոյեմբերի 28-ին այցելել էին համերգասրահ՝ վայելելու սիմֆոնիկ երաժշտություն։