Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լրագրողի բաց նամակը՝ Հայկ Մարությանին

492
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 14:25
Լրագրողի բաց նամակը՝ Հայկ Մարությանին

Հարգելի՛ պարոն Մարության, ես՝ լրագրող Սոնա Դավթյանս՝ Նուբարաշեն 1-ին փողոցի 21/4 հասցեի բնակիչ, դիմում եմ Ձեզ՝ արդարությունը վերականգնելու պահանջով: Դուք, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը բազմիցս հայտարարել եք՝ վե՛րջ ապօրինի հողազավթումներին, սակայն որոշ բնակիչներ, ցավոք, դրան լուրջ չեն վերաբերվում:

Տանս կից համայնքապատկան հող կա (0028 ծածկագրով), որի ամբողջական կամ մասնակի ձեռքբերման համար արդեն 2 տարի է՝ դիմում եմ Երևանի քաղաքապետարան: Նախկին կազմը, ի դեմս Տարոն Մարգարյանի, Հայկ Ասատրյանի, Անդրանիկ Քասարյանի, անհիմն պատճառաբանություններով մերժել են ինձ՝ 3-րդ անձի իրավունքը գերակա դասելով ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ: Ասեմ նաև, որ այդ հողի ձեռքբերումն ինձ համար ծայրահեղ անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն: Բանն այն է, հողի և իմ տան միջև հեռավորությունը մոտավորապես 40-50 սմ է, կա հողային շերտերի այնպիսի անհավասարություն, որի պատճառով անգամ աստիճան դնել հնարավոր չէ: Դա էլ բավական չէ՝ հողը ցանկապատված է, որն էլ արհեստական խոչընդոտներ է ստեղծում տանս բնականոն գործունեությունը ապահովելու համար: Այդ ամենի պատճառով ձմռանն ունենում ենք այսպիսի պատկեր՝ տանս պատերը խոնավանում են, բորբոսում:

Բավական չէ, որ տանս կից համանքապատկան հողի ապօրինի հողազավթումը քաղաքապետարանի նախկին կազմը համարում է այգեգործական նպատակներով օգտագործված Սերյոժա Ենոքյանի կողմից, որի տունը, ի դեպ, տարածականորեն որևէ կապ չունի տվյալ հողի հետ, վերջինս, համայնքապատկան հողն օգտագործելով, բերք ու բարիք ստանալով, սակայն հողի, ոռոգման ջրի հարկեր ՉՎՃԱՐԵԼՈՎ, լրագրողական իմ աղբյուրների փոխանցմամբ՝ 3000 դոլարի դիմաց որոշել է ամեն գնով ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ հողն օտարել Նուբարաշենի մեկ այլ բնակչի՝ Էդիկ Մալաղյանին՝ քաղաքապետարանի իր ծանոթ աշխատակիցների օգնությամբ: Թե ովքե՛ր են նրանք, ինձ դեռ չի հաջողվել պարզել: Հուսամ՝ քաղաքապետարանը կբացահայտի նրանց և կազատվի ստվերային անօրինականությանը սատարողներին: Ավելին՝ հողի վաճառքի խայտառակ գործարքի մասին 2016 թ. սեպտեմբերի 30-ին տան սեփականատեր Մանիա Համբարձումյանի անունից անձամբ նամակով տեղեկացրել ենք Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն ապարդյուն:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք: Ինձ հասած տեղեկություններով՝ Սերյոժա Ենոքյանն այսպիսի մի քանի հողազավթումներ «այգեգործական» նպատակներով արել է նաև Նուբարաշենի այլ հատվածներում, սակայն արի ու տես՝ դրանց վրա նախկին իշխանությունները աչք են փակել: Մինչդեռ արժե հիշեցնել Դալմայի այգիների պատմությունը, երբ պետությունը այգիները օտարեց այլ անձանց, իսկ մշակողներին տվեց որոշակի փոխհատուցում:

Տեղեկացնենք, որ տանս կից հողի խնդիրը նաև Araratnews.am լրատվականի ուշադրության կենտրոնում է, արվել է լրագրողական հետաքննություն (այն շուտով կհրապարակվի): Հետաքննության համաձայն՝ 2018-ի նոյեմբերի 2-ին լրատվամիջոցը գրավոր հարցմամբ տվյալ հողի մասին ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով դիմել է քաղաքապետարան եւ ստացել այսպիսի պատասխան՝ հողը կարող է դառնալ առանձին սակարկությունների առարկա: Այսինքն՝ դրվել աճուրդի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ կա՛մ մեր տան կից համայնքապատկան հողից ինձ տրամադրել 200 քմ հող՝ տանս բնականոն գործունեությունը ապահովելու համար, կա՛մ հողը դնել աճուրդի:

Հ.Գ. Սույն խնդրի մասին տան սեփականատեր Մանիա Համբարձումյանը նոյեմբերի 7-ին գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին (նոյեմբերի 8-ին նամակը մուտք է արվել Երևանի քաղաքապետարան), իսկ նոյեմբերի 22-ին՝ նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Թույլ մի՛ տվեք, որ զոռբայությունն ու ճարպկությունը հաղթեն օրենքին»: