Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Հայը կայսրությունների գերեզմանափորն է». Տիգրան Խզմալյան

707
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 00:30
«Հայը կայսրությունների գերեզմանափորն է». Տիգրան Խզմալյան

Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համարյա երեսուն տարի առաջ ես սովորում էի Մոսկվայի բարձրագույն կինոդպրոցում, սցենարիստների և ռեժիսորների երկամյա կուրսերում։ 1990 թիվն էր՝ Հայաստանում ազգահին զարթոնք էր, Սովետը դեռ չեր փլուզվել, Արցախյան պատերազմը դեռ չեր սկսվել։ Կյանքս երջանիկ էր ու ծանր՝ զբաղվում էի իմ սիրած գործով, բայց երկու փոքր երեխաներիս պահելու համար ուսումից բացի աշխատում էի օր ու գիշեր, տնտեսելով ամեն ինչում։ Աշնանային մի անձրևոտ օր կոշիկիս տակը բացվեց, հենց փողոցում։ Նայեցի շուրջս ու տեսա հեռվում կոշկակարի կրպակ։ Չփչփացնելով ջրափոսերում, հասա, մտա ու զարմացա՝ կոշկակարը կին էր։ Գլխաշորով, սև աչքերով ու մեծ քթով պառավ մի կին։ Նստեցի։ Մանր մեխերը շրթունքներում պահած, կինը մեխում էր կոշկատակս ու մեկ-մեկ ծանր հայացք էր նետում ինձ վրա հաստ ունքերի տակից։ «Հա՞յ ես», հարցրեց ինձ հանկարծ, արևելյան խիտ առոգանությամբ իր ռուսերենով։ Զարմացա՝ «Հայ եմ։ Դուք է՞լ...» Վերջին մեխը բերանից հանելով պատասխանեց «Ասորուհի եմ»։ Հարցրեցի՝ «Բա ինձ ինչպե՞ս ճանաչեցիք»։ Քմծիծաղեց. «Ես հային ո՞նձ չճանաչեմ։ Դուք եք ժամանակին մեր հզոր կայսրությունը քանդել...»:
Խենթանալու բան էր՝ փլուզվող սովետական կայսրության մայրաքաղաքի կենտրոնում, կոշկակարի փոքրիկ կրպակում ծեր ասորուհին երիտասարդ հային հիշեցնում էր երեք հազար տարի առաջ տեղի ունեցած նրանց կայսրության պարտությունը մեր թագավորությունից։
Ես գրեթե մոռացել էի այս ծիծաղաշարժ դրվագը, բայց վերջերս հիշեցի այն, կարդալով ու լսելով որոշ ազգակիցներիս նվնվոցը մեր թուլության ու խոցելիության մասին, թե ով և ինչպես է մեզ մորթելու և ուտելու, եթե այս կամ այն մեկն իր ոտը կամ ձեռը մեզնից քաշի և այլ բոլորին հայտնի նման ապուշություններ։
Ուրեմն հիշեք, հայեր՝ մենք երբեք ոչ մի թշնամու չենք պարտվել։ Երբեք։ Մենք երբևե չենք պարտվել թուրքերին իրական պատերազմում։ Մենք ջախջախել էինք թուրք բանակը 1918 թվին Սարդարապատում, մեր միակ իսկական պատերազմում, իսկ 11-12-րդ դարերում, երբ նրանք առնետների պես լցվեցին մեր երկիրը, այն համարյա դատարկ էր ու անպաշտպան՝ հայերին Թրակիա, Մակեդոնիա ու Կիլիկիա տեղահանելու և Հայաստանն անմարդաբնակ դարձնելու բյուզանդացիների ապուշ քաղաքականության պատճառով։ Մենք երբեք չենք պարտվել նաև բյուզանդացիներին, հակառակը՝ 9-11-րդ դարերում Բյուզանդիան դարձել էր համատեղ հայ-հունական գերտերություն, որի կայսրերը, զորավարները, նախարարները բացարձակապես հայեր էին։ Ծեր ասորուհին իրավացի էր ՝ մենք իսկապես պարտության մատնեցինք աշխարհի առաջին հզորագույն տերությունը, երկհազարամյա Ասորեստանը և դա արտացոլված է ոչ միայն մեր ազգային էպոսում և Խորենացու պատմագրությունում, այլ անգամ Աստվածաշնչում, որի Արքայաց 4-րդ գրքում (19:35-37) ասված է. «Եվ վերադարձավ Ասորեստանի արքա Սենեքերիմը Նինվե քաղաք, և երբ փառաբանում էր տաճարում իր աստծո Նիսրոհին, նրա երկու որդիներն Ադրամելեքն ու Շարեցարն սպանեցին նրան թրով և փախան իրենց մոր երկիրը, Արարատյան թագավորություն»։ Ն.թ.ա. 7-րդ դարի այս պատմական դրվագի հերոսները Հայոց երկրում հայտնի են որպես Սանասար ու Բաղդասար՝ Սասունի հիմնադիրներ։ Իսկ Աստվածաշնչի մեկ այլ գրքում, Երեմիայի 51։27 հատվածում հրեական մարգարեն հորդորում է Արարատյան թագավորությանը դրոշ և թուր բարձրացնել արդեն ընդդեմ Բաբելոնի՝ Հին աշխարհի մեկ այլ հզոր կայսրության։
Եվ ինչպե՞ս չհիշել մեր ազգային պատմության ու դիցաբանության առանցքը՝ Հայկի ու Բելի պատերազմը, որում մեր Նահապետն սպանել էր հզոր ու ահեղ բաբելոնյան արքային։
Իսկ ի՞նչ, պարտվե՞լ ենք մենք արդյոք հաջորդ աշխարհակալ՝ հին Պարթևական կայսրությանը, որը փոշու հետ խառնեց Բաբելոնը։ Այդ հարցին մեկընդմիշտ պատասխանեց հայոց մեծագույն արքա Տիգրանը, ով գրավեց հպարտ Թիզբոնն ու Էքբաթենը, քառորդ դարով ընդլայնելով իր կայսրության սահմանները սիրիական ու պաղեստինյան Միջերկրական ափից մինչև Պարսից ծոց, այսինքն Ատլանտիկ օվկիանոսից մինչև Հնդկական։ Նույն Տիգրան արքան, դավաճանության պատճառով իր մայրաքաղաքը հռոմեացի զորավար Լուկուլլոսին հանձնելուց հետո, այնպիսի ջախջախիչ պարտություն հասցրեց նրան Լեռնային Հայաստանում, որ Հռոմի պատմության մեջ առաջին ու միակ անգամ լեգիոնները փախչում էին պատերազմից, չհնազանդվելով հրամանատարին և ինքը Ցիցերոնը ամոթխած խնդրեց Հռոմեական սենատում թույլտվություն չզեկուցել հայերի հետ պատերազմի մասին, որպեսզի ստիպված չլինի ստել։
Իսկ Հռոմի հաջորդ զորավար Պոմպեոսի հետ Տիգրանը կնքեց այնպիսի պատվավոր խաղաղություն, որ մեկ դար անց էլ հռչակավոր կայսր Ներոնն իր հաշվին էր հրավիրում հայոց արքա Տրդատին հյուրընկալվելու Հռոմում։ Իսկ Տրդատ Երրորդի օրոք Հայաստանում որպես պետական կրոն ընդունված քրիստոնեությունը կանխորոշեց նաև հեթանոսական Հռոմի վախճանն, այնպես որ հայերը փաստորեն տապալեցին նաև այս աշխարհակալ կայսրությունը։
Հինգ դար անց Բագրատունի արքաները վերականգնեցին հայոց անկախությունը, պարտության մատնելով այն դարաշրջանի հզորագույն Արաբական խալիֆաթը, որն իր իշխանությունը տարածել էր մինչև Եվրոպա, գրավելով Իսպանիան և Պորտուգալիան։
Մենք խոսեցինք արդեն Բյուզանդիայում հայոց դերակատարության մասին, բայց եկեք գիտակցենք, որ նաև Օսմանյան կայսրության փլուզման և դրան հաջորդաց երիտթուրքերի պարտության մեջ մեծ ու հերոսական բաժինն ունեն մեր նախնիները, ովքեր անգամ Առաջին աշխարհամարտի վիթխարի կորուստներից հետո մեկ-մեկ մահապատժի ենթարկեցին հայ ազգի դահիճներին աշխարհի տարբեր մասերում։
20-րդ դարի վերջում Սովետական Միության տապալումը բոլոր պատմաբաններն ու վերլուծաբանները միաձայն կապում են Արցախյան շարժման հետ՝ և մենք կարող ենք հպարտանալ Չարիքի կայսրության կործանման գործում մեր դերակատարությամբ։ Բայց եկեք հիշենք, թե ինչից էր սկսվել դրանից մեկ դար առաջ Ռուսական կայսրության փլուզումը՝ չէ՞ որ 1917 թվականի Փետրվարյան, ապա նաև Հոկտեմբերյան հեղաշրջումներից առաջ ցարական Ռուսաստանը խարխլվեց 1905 թվականի առաջին ռուսական հեղափոխությամբ։ Այսօր գրեթե մոռացվել է, թե ինչ իրադարձություններ են նախորդել այդ ապստամբությունը։ Հիշեցնենք, որ ողջ կայսրության տարածքով բռնկված զինված ժողովրդական ընդվզման ուղիղ պատճառն է եղել հայ ժողովրդի դիմադրությունը 1903 թվականի ցարական կառավարության հրահանգին՝ փակել հայկական եկեղեցիներն ու դպրոցները, որին հայերը պատասխանեցին Էջմիածնից մինչև Թիֆլիս, Կարսից մինչև Հաղպատ և Բաթումից մինչև Բաքու բռնկված ապստամբությամբ, որի ընթացքում 1903 թ. հնչակները վիրավորեցին և հեռացրեցին Կովկասից հայատյաց իշխան Գոլիցինին, իսկ 1904 թ. Դրոն գնդակահարեց Խրիմյան Հայրիկին ռուս ցարի տխրահռչակ «ուկազը» բերած նահանգապետ Նակաշիձեին։ Կայսերական իշխանությունը նահանջեց ու չեղարկեց հակահայկական իր ոտնձգությունները, սակայն արդեն ուշ էր և հաշված ամիսներ անց հայոց զինցած դիմադրության սերմերը բարձրացան և բերեցին ցարական պաշտոնյաների դեմ զանգվածային ահաբեկչության ալիք, որն արդեն չեր իջնում մինչև Ռուսական կայսրության վերջնական փլուզումը։
Այնպես որ, քույրեր ու եղբայրներ, մի խեղճացեք, մի ընկճվեք ու երբեք մի մոռացեք այն պատմական իրողությունը, որը միշտ հիշում են մեր ժամանակավոր գաղութարարները՝ հայերը երբեք չեն պարտվում։ Հայերը երբեք չեն ներում իրենց դահիճներին՝ Բելից մինչև Սենեքերիմ, Մարկոս Կրասսոսից մինչև Թալահատ, էնվերից ու Ջեմալից մինչև Պոլյանիչկո և Սաֆոնով։ Հայը հազարամյակներ շարունակ եղել ու մնում է ոչ միայն ընտիր արհեստավոր ու հմուտ առևտրական, այլ նաև քաջ ու անպարտ զինվոր և կայսրությունների գերեզմանափորն ու դագաղագործը։ Ընդամենը քառորդ դար առաջ Արցախում մենք պաշտպանեցինք մեր ազատությունն ու արժանապատվությունը թուրք ենիչերներից ու ռուս վարձկաններից, չեչեն գրոհայիններից և աֆղան մուջահեդներից, որոնց դեմ ընկճվեցին մեզնից շատ ավելի մեծ ու հարուստ պետություններն ու բանակները։ Ծեր ասորուհին իրավացի էր։
Մենք մեզ հայ ենք անվանում ի պատիվ մեր Նահապետ Հայկի, ով մարտահրավեր նետեց աշխարհի հզոր կայսրության տիրակալ Բելն հանուն ազգի ու անձի ազատության և անկախության՝ և հաղթեց։ Մենք հիմա էլ նույնպես հաղթելու ենք, ինչպես որ հաղթել ենք միշտ»։