Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ինչ միջոցառումներ են նախատեսված երկրաշարժի զոհերի հիշատակին

478
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 21:15
Ինչ միջոցառումներ են նախատեսված երկրաշարժի զոհերի հիշատակին

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ողջունեց նիստի անդամներին և առաջարկեց քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակը:

Հանձնաժողովի քարտուղարը զեկուցեց կատարված աշխատանքների և վերջնական արդյունքների մասին, ապա սկսվեց քննարկվել դեկտեմբերի 7-ին Գյումրիում անցկացվող միջոցառումների օրակարգը: Նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց վերանայել որոշ միջոցառումներ, հստակեցնել կազմակերպչական հարցերը և պատշաճ կազմակերպել բոլոր անելիքները:

Երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ և այդ օրը նախատեսված համապետական միջոցառումները կներառեն երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում, աղետներին դիմակայունության համապետական վարժանք, «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի անցկացում:

Աշխատանքային խմբերի ղեկավարներն ըստ ուղղությունների ներկայացրեցին միջոցառումների նախապատրաստման և անցկացման հետ կապված ընթացիկ աշխատանքները, անդրադարձան որոշ խնդիրների:

Աղետներին դիմակայունության համապետական վարժանքի շրջանակում Երևան քաղաքում և մարզկենտրոններում կկազմակերպվեն տարհանման ուսումնավարժություններ, տակտիկական և ցուցադրական վարժանքներ, իսկ Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմերի եռօրյա վարժանքը ևս մեկ հնարավորություն կլինի ցուցադրելու, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունը լուրջ ձեռքբերումներ է գրանցել:
Դեկտեմբերի 7-ին երեկոյան նախատեսվում է նաև մշակութային միջոցառում՝ հիշատակի երաժշտական երեկո Գյումրու Սև բերդում:

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը մեկ անգամ ևս նշեց, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները հանրապետությունում պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով՝ հարգելով զոհերի հարազատների ապրումներն ու հույզերը