Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լոռու մարզպետը՝ Վանաձորում իրականացվող անորակ ասֆալտապատման մասին

538
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 22:10
Լոռու մարզպետը՝ Վանաձորում իրականացվող անորակ ասֆալտապատման մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ահա այն գրությունը, որը իմ կողմից ստորագրվել և ուղարկվել է այսօր Վանաձորի քաղաքապետարան։

Հարգելի պարոն Ասլանյան

Ինձ մոտ կայացած խորհրդակցությունից հետո անցել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է վերացված լինեին Վանաձորի մի քանի փողոցների ճանապարհաշինական աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունները: Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության բաժնի աշխատակիցների կողմից կատարվել են շրջայցեր «Ֆուլ տրանս» ՍՊ ընկերության կողմից նշված ժամկետում իրականացված աշխատանքների որակը պարզելու նպատակով, և արձանագրել, որ թերությունները չեն վերացվել, և որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել:

Ուսումնասիրվել են նաև Մալաթիա, Վերածնունդ, Փարաջանով և Մոսկովյան փողոցներում իրականացված ասֆալտապատման աշխատանքները. ստորև ներկայացնում եմ հայտնաբերված թերությունները.

* փոսալցման ժամանակ կարերը բավարար չափով մշակված և տոփանված չեն, նոր ասֆալտապատված փոսերը հարթ չեն,

* փոսալցման փոսերը անկանոն ձևով են կտրված (ուղղանկյուն չեն),

* համատարած հատվածներում խճի բարձրությունը բավարար չէ, տոփանված չէ,

* համատարած հատվածներում փոշեզրկումը և բիտումապատումը բավարար չեն իրականացվում,

* առկա մեխանիզմը չի համապատասխանում համատարած ասֆալտապատում իրականացնելու պահանջներին, ինչի հետևանքով աշխատանքների ավարտից հետո առաջանում են բազմաթիվ ալիքներ

Մեր եզրակացությունը հետևյալն է. կապալառուն՝ թե ճանապարհաշինարարական մասնագետների, և թե շինարարական հրապարակում ունեցած իր տեխնիկայի միջոցներով չի կարող իրականացնել ՀՀ գործող ճանապարհաշինական նորմաներին և ստանդարտներին համապատասխանող ասֆալտապատման աշխատանքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կրկին առաջարկում եմ խզել պայմանագիրը «Ֆուլ տրանս» ՍՊ ընկերության հետ»: