Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ահռելի տխուր ժառանգութուն են ստացել». Արմեն Դանիելյան

458
Կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ., 21:35
«Ահռելի տխուր ժառանգութուն են ստացել». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր իշխանությունները նախկինից ահռելի տխուր ժառանգություն են ստացել: Այդ ժառանգության ամենադժվար մասն իրավապահ համակարգն է:
Ներկայումս, հասարակության սպասումներն իրավապահներից աննկարագրելի մեծ են: Եվ դա այն պարագայում, երբ նոր իշխանությունը դեռևս ամբողջական «չի տիրապետում» իրավապահ համակարգի ողջ սպեկտորին և նախկին իշխանությունները ֆորմալ և ոչ ֆորմալ պահում են իրենց ազդեցությունն այդ համակարգի առանձին պաշտոնյաների վրա:
Անվիճելի է, որ առանձին ծանր հանցագործությունների բացահայտումը Հայաստանի քաղաքական և իրավական կյանքում մեծ դերակատարություն ունի: Մասնավորապես, անհրաժեշտ է մարտի 1-ի գործը բացահայտել հնարավորին արագ և ամբողջովին: Այդպիսին է նաև հոկտեմբերի 27-ը: Ես այս շարքում կարող եմ առանձնացնել նաև շատ աղմկահարույց գործեր ևս, մասնավորապես, Բուդաղյանի սպանությունը, խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցած տասնյակ սպանությունները և այլն: Գործող իրավապահ մարմինները պետք է տարբերվեն նախորդներից, քանի որ լիարժեքորեն տիրապետում են ողջ իրավական գործիքակազմին և այս պահին ունեն բավարար ռեսուրս՝ վերաբացելու, նորից քննելու, բացահայտելու այս բոլոր քրեական գործերը:
Ես չեմ ուզում խոսել այդ ամենի հնարավոր հետևանքների մասին, դա այլ հարց է: Պարզից էլ պարզ է, որ այս կամ այն քրեական գործի բացահայտումը լինելու է աղմկահարույց... Իսկ այդ ամենը հնարավոր է բացառապես իրավապահ մարմինների կամքի, միմիայն այդ կամքի շնորհիվ: Առավել քան վստահ եմ, որ այդ բացահայտումները շեշտակիորեն նպաստելու են հանրության շրջանում իշխանության հանդեպ վստահության աճի էլ ավելի մեծացմանը, բայց երկարաժամկետ հեռանկարում, ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտումը պետք է ուղեկցվի դատական և իրավապահ համակարգի համակարգային բարեփոխումների և հասարակության ու պետության միջև նոր որակի հարաբերությունների ձևավորման կոնտեքստում։
Անշուշտ, ասածս կարող է մանրուք թվալ, բայց, եթե վերոհիշյալ քրեական գործերի բացահայտումը պետք է արվի բացառապես քաղաքական կամքի կամ սկզբունքայնության հաշվին՝ առանց վերը նշածս հաշվի առնելու, ապա մեր հասարակությունը երբեք ապահովագրված չի լինելու քաղաքական կյանքում բռնության դերակատարումից նաև ապագայում:

Հ.Գ. Ակամայից հիշեցի հին աշխարհի իմաստուններից մեկի՝ Արիստոտելի հայտնի խոսքը. «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»»: