Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Վա՜յ, Խաչատուրովի տեղը կորցրինք: Էլ ո՞նց կլիներ». Կարինե Հարությունյան

195
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 12:15
«Վա՜յ, Խաչատուրովի տեղը կորցրինք: Էլ ո՞նց կլիներ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ինչ-որ բան է պատահել. Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի իր տեղը: Կարծում եմ՝ մեծ կորուստ չէ: ՀԱՊԿ-ն ի սկզբանե մեռելածին կառույց է եղել՝ ստեղծված ՌԴ ամբողջատիրական նկրտումները բավարարելու ծրագրի շրջանակներում և Արևմուտքին հակակշռելու համար, թե ՝ դուք ՆԱՏՕ ունեք, ես էլ իմը կստեղծեմ: Իսկ ո՞վ չգիտե, որ ՀԱՊԿ-ը ՌԴ նախագիծն է, և այնտեղ դրության տերը ռուսներն են: Մինչև երեկ գոնե այդպես էր: Եվ ՀԱՊԿ-ի երեկվա նիստի մեխը ոչ թե մեր՝ գլխավոր քարտուղարի տեղը կորցնելն էր, այլ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծման հարցը, որի քննարկումն առկախվել է: Դեռ մեկ ամիս առաջ Լուկաշենկոն սեփական երկիրն ինքնուրույն պաշտպանելու մասին հայտարարություն էր արել, անգամ ասել էր՝ եթե պետք լինի զենքով պաշտպանել երկիրը, մենք զենք կբաժանենք յուրաքանչյուր քաղաքացու: Բելառուսում կարծում են, որ Լուկաշենկոյին անհանգստացնում է ռուսական էքսպանսիայի սպառնալիքը, և փորձում է այլընտրանք ստեղծել: Օրերս, Մինսկում նա ամերիկյան վերլուծաբաններին ասել էր, թե չի ուզում առճակատում ոչ Արևմուտքի, ոչ էլ Արևելքի հետ, և ռուսական բազաներ Բելառուսում չեն լինի:
Գիտենք, որ պահը գա, Ղազախստանը նույնպես ատամ ցույց կտա: Մյուսներին թողնենք մի կողմ, իսկ Հայաստանն այսօր էլ այլընտրանքներ ունի և ճկուն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն ու պայմաններ: Իհարկե, լավ կլիներ, որ մենք մնայինք քարտուղարությունում, մինչև մեր ժամկետի ավարտը, բայց մեծ հաշվով դա «եղանակ» չի ստեղծում: Այստեղ կարևորն ստեղծված իրավիճակից օգուտներ քաղելն է, նոր այլընտրանքներ մշակելը, մանավանդ մեր վարչապետն ի սկզբանե հայտարարել էր, որ Հայաստանը վարելու է հայաստանանպաստ քաղաքականություն: Մտքովս նոր անցավ. Լուկաշենկոն չլինի՞ Փաշինյանից է քաղաքականություն սովորում: Ի դեպ, դեռ մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց ՀՀ ղեկը, արդեն պարզ էր՝ փոփոխություններ են լինելու տարբեր ուղղություններով: Որքան էլ վարչապետը հայտարարի, որ մեր արտաքին քաղաքականությունն անփոփոխ է, միայն ինքը իր տեսակով հնարավոր է իր ազդեցությունն ունենա իրավիճակների վրա: Դա նույնիսկ անկախ մարդու կամքից կարող է լինել. մարդու էներգետիկան հզոր ուժ է, կարող ես անգամ ոչինչ չանել, բայց ազդել: Սա նկատի ունենալով պիտի ուրախանալ, որ նախկին՝ լճացած, գորշ արտաքին շփումային դաշտից մեր երկիրը դուրս է գալու-գալիս, ոչ թե Ֆեյսբուքով մեկ սուգ բարձրացնել, թե՝ վա՜յ, Խաչատուրովի տեղը կորցրինք: Էլ ո՞նց կլիներ»: