Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

«Նախատեսում եմ լինել նաև հայերի ձայնը Վաշինգթոնում». նորընտիր կոնգրեսական

119
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 10:30
«Նախատեսում եմ լինել նաև հայերի ձայնը Վաշինգթոնում». նորընտիր կոնգրեսական

«Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը Ներկայացուցիչների պալատի հայկական արմատներ ունեցող նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրինդիսիի հետ.

«Ամերիկայի Ձայն»- Խոսենք առաջադրվելու ձեր որոշման մասին: Ինչո՞ւ ընդունեցիք այդ որոշումը:

Էնթոնի Բրինդիսի- Իրականում այս շրջանի բնակիչները ցանկանում են տեսնել մեկին, ով տեսնում է Կոնգրեսում համագործակցության անհրաժեշտությունը: Այսօր Վաշինգթոնը բևեռացված է, դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց դեմ են պայքարում, իսկ ես մեկն եմ, ով միշտ փորձել է միավորել մարդկանց՝ հանուն լուրջ խնդիրների կարգավորման: Եվ այս շրջանում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ առողջապահություն, աշխատատեղեր, տնտեսություն: Ես ցանկանում եմ աշխատել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք անհանգստացնում են այս շրջանի աշխատավոր մարդկանց»:

«Ամերիկայի Ձայն»- Արդյո՞ք քաղաքական պայքարը բարդ է ընթանում: Երբեմն այն հատկապես բարդ է թեկնածուի ընտանիքի համար:

Էնթոնի Բրինդիսի- Կարծում եմ, երբեմն մարդկանց հետ են մղում թեկնածությունն առաջադրելուց հետո ծագող հնարավոր դժվարությունները: Թեկնածուի կյանքը մանրազնին քննության է ենթարկվում: Այս վախը նաև զերծ է պահում բազմաթիվ կարող մարդկանց իրենց թեկնածությունն առաջադրելուց, իսկ իմ պատկերացմամբ, եթե մենք ցանկանում ենք երբևէ բարելավել այս երկիրը, ապա մեզ անհրաժեշտ է, որ արժանի մարդիկ առաջադրվեն ընտրություններին:

Հավանաբար, ընտրական պայքարի առավել բարդ հանգամանքը ընտանիքից հեռու գտնվելն է: Ես ունեմ 11-ամյա որդի և 8-ամյա դուստր, և ես ու կինս որոշում կայացրեցինք երեխաներին մասնակից դարձնել այս գործընթացին, տանել մեզ հետ միջոցառումների: Նրանց դուր է գալիս քարոզարշավը, իսկ ես հնարավորություն ունեմ նրանց հետ ժամանակ անցկացնել:

«Ամերիկայի Ձայն»- Ձեր հայկական արմատների վերաբերյալ: Կարո՞ղ եք պատմել այդ մասին: Որքան տեղյակ եմ, մայրական կողմից եք հայ:

Էնթոնի Բրինդիսի- Իմ տատիկը... և նրա ընտանիքը Եդեսիայից էին և Ցեղասպանության ժամանակ նրանք փախել էին: Իմ տատիկը ծնվել է Սիրիայում՝ Հալեպում:

Հայկական արմատները իմ անցյալի շատ կարևոր մաս է: Տատիկիս ընտանիքը այնուհետև տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, շատերի նման նախապես ժամանելով Էլիս կղզի: Նրանց ազգանունը այստեղի փաստաթղթերում դարձրել էին Մուրադ, և այստեղ նրանք նոր կյանք սկսելու հնարավորություն են ստացել: Հենց սա է «Ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այլ երկրներից ժամանում են՝ աշխատանք գտնելու, ընտանիք ստեղծելու, և այստեղ, այս երկրում հաջողության են հասնում: Ես ուզում եմ համոզված լինել, որ մենք շարունակելու ենք մնալ մի երկիր, որը ողջունում է աշխարհի տարբեր տեղերից ժամանող ներգաղթյալների:

«Ամերիկայի Ձայն»- Հայ համայնքը ձեզ աջակցություն ցուցաբերել է: Արդյոք նախատեսո՞ւմ եք աշխատել Ամերիկայի հայերի հետ:

Էնթոնի Բրինդիսի- Այո նախատեսում եմ: Անշուշտ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Վաշինգթոնում ճանաչվի Ցեղասպանությունը: Արդեն իսկ հանդիպել եմ Կոնգրեսի մի շարք անդամների հետ, ովքեր ունեն հայկական արմատներ և ցանկանում եմ աշխատել նրանց հետ հարցերի շուրջ, որոնք կարևոր են հայերի համար: Նախատեսում եմ աշխատել հայկական հարցերի շուրջ և լինել հայերի ձայնը Վաշինգթոնում։