Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.

««Հայոց Հզոր Բանակ»-ի շնորհիվ, հնարավոր է, որ փրկվի մեկ զինվորի կյանք, մեկ զինվորի առողջություն». Կարեն Հովհաննիսյան

162
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 00:40
««Հայոց Հզոր Բանակ»-ի շնորհիվ, հնարավոր է, որ փրկվի մեկ զինվորի կյանք, մեկ զինվորի առողջություն». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ.-ի ապրիլին, երբ 45 վիրավոր զինծառայողի հենց հոսպիտալում իմ ընտանիքի անունից առձեռն հանձնեցինք 10 000 ԱՄՆ դոլար, որոշեցի, որ պետք է մի բան մտածեմ ու իրագործեմ, որպեսզի այսքան ծանր վիրավորներ, զոհեր այլևս չունենանք: Ապրիլյան պատերազմին, լինելով դիրքերում և տեսնելով դիրքերի վիճակն էլ, որոշելիքս արդեն ավելի հստակ էի պատկերացնում՝ ամեն ինչ զինվորի անվտանգության և առողջության պայմանների բարձրացման համար:
2016-ի մայիսին, ընկերներիս հետ խորհրդակցելուց հետո, նախաձեռնեցի «Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը, որի մասին էլ հայտարերեցի ֆեյսբուքյան իմ էջում: Արձագանքը ինձ ոգևորեց, մի քանի շաբաթ անց արդեն հավաքեցինք այնքան գումար, որ կարողացանք գնել հինգ միավոր հատուկ նշանակության տեսանելիության սարքեր: Իսկ դա 2016թ.-ին դիրքերում փրկություն էր: Ես այդ ժամանակ ներակայացրեցի մանրամասն ֆինանսական հաշվետվություն, որից հետո ծրագրին ֆինանսական հոսքերը կտրուկ ավելացան: Եվ այսպես արդեն երկուս ու կես տարի, արդեն 15 փուլ... Անկեղծ ասած ինձ համար շատ դժվար է գումար խնդրել ծանոթ ու անծանոթից, հատկապես, երբ ես անգամ ծնողիցս երբեք չեմ խնդրել գումար... Բայց այդ դաժան հոգեբանական պատնեշը ես ամեն անգամ հաղթահարում եմ, երբ մտածում եմ, որ իմ այդ մի խնդրանքով հնարավոր է, որ փրկվի մեկ զինվորի կյանք, մեկ զինվորի առողջություն...
Ինձ կամավոր նվիրեցի այս գործին, մտա այս ծանր աշխատանքի հոգսի տակ: Գիտե՞ք, դուք շատ բան չեք տեսնում, ընկերներ ջան, բարերարներ ջան... Դուք չեք տեսնում այն զինվորի հայացքը, որը քեզ տեսնելիս ակնկալում է իր անվտանգության բարձրացում թեկուզ կես նիշով, չեք տեսնում այն հսկայածավալ ֆիզիկական, հոգեբանական աշխատանքը, որը կատարվում է, ու չեմ էլ ուզում դա տեսնեք, քանի որ դա ոչ մի բան է դիրքում արևին ու անձրևին, ձյունին ու սառնամանիքին անթարթ հայացքով, զգոն, թշնամուն դեմ առ դեմ, ընդամենը մի քանի մետր իրարից հեռու կանգնած 18-20 տարեկան զինվորի արածի դեմ:
«Հայոց Հզոր Բանակ» ծրագրում, սկսած գումար հավաքագրելուց մինչև ապրանք ձեռք բերելը, տեղը հասցնելը, այնուհետև հաշվարկներ անելն ու հաշվետվություն ներկայացնելը ձեզ, ինձանից խլում է բավականին շատ ժամանակ, իսկ ծանր ու բարդ լինելու մասին էլ չխոսեմ: Բայց, էլի եմ ասում, դա ես կամավոր եմ անում, ու ես շնորհակալ եմ բոլոր այն բարերարներից, ովքեր վստահում են այս գործին, ովքեր օրվա հացի փողից, ովքեր իրենց դեղի փողից, իրենց բիզնեսն ընդլայնելու փողից, իրենց թոշակից, աշխատավարձից հատկացնում են հենց այս ծրագրին ու ասում. Կարեն, տար ու հասցրու տղերքին, տար ու անվտանգությունը որոշ չափով ապահովի... Շատ կուզեմ, որ ամեն հայ, աշխարհի ցանկացած ծայրում մտացի Հայրենիքի մասին, կապ չունի թե ինչ ձևաչափով կմասնակցի Հայրենիքի հզորացմանը, բայց թող մասնակից լինի... Մենք միասին ենք հզոր ու միասին ենք հաղթելու...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»: