Համաներումը տարածել 1 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողների վրա. բաց նամակ
Մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և իրավապաշտպաններ բաց նամակ են հղել ՀՀ ԱԺ պատգամավորերին՝ խնդրելով փոփոխություններ կատարել «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծում: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պատգամավորներ, Չնայած Արդարադատության նախարարի այն հայտարարություններին, թե այս անգամ լինելու է աննախադեպ մեծ համաներում, մենք կարծում ենք, որ այս օրենքի նախագիծը հանիրավի դուրս է թողնում համաներման արժանի և խոցելի դատապարտյալների որոշ խմբերի: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ձեր լիազորությունների շրջանակում Ազգային Ժողովում համաներման մասին օրենքի քննարկման ժամանակ առաջարկել հետևյալ փոփոխությունները՝ փոխել հոդված 2, մաս 2.3-ն այնպես, որպեսզի համաներումը տարածվի 1 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողների վրա: Մասնավորապես խոսքը վերաբերում է միայնակ մայրերին, քանի որ նրանց՝ բանտում հայտնվելու դեպքում երեխան(երը) մանկատանն են հայտնվելու: Թե՛ իրավական և թե՛ սոցիալական տեսանկյունից խնդրային է գտնել որևէ հիմնավորում, թե ինչով է պայմանավորված նման սահմանափակում և թե ինչու երեք երեխաների իրավունքներն ու լավագույն շահը հաշվի են առնվում, իսկ մեկ երեխայինը, փաստորեն, ոչ։ Նման բազմազավակ միայնակ կնոջ ազատազրկման օրինակ է Սիսիանում 10.000 դրամի գողության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի դեպքը։ Հասմիկը չորս երեխաների մայր է, ամուսինը տևական ժամանակ է, ինչ լքել է ընտանիքը, իսկ հանցագործություն կատարելու պահին Հասմիկի երեխաներից 3-ն անչափահաս էին, իսկ չափահաս որդին գտնվում էր պարտադիր զինծառայության մեջ։ Հետաքննության ու դատաքննության ժամանակահատվածում անչափահասներից մեկի 18 տարին լրացել է, նա ամուսնացել և տեղափոխվել է այլ բնակավայր։ Այսպիսով, Սարգսյանի՝ կալանավորվելու պարագայում նրա երկու անչափահաս երեխաները մնալու են առանց խնամքի, ուստի և վտանգված է նրանց լավագույն շահը, ինչը, երեխաների իրավունքների պաշտպանության առանցքում է: Հասմիկի դեպքը, իհարկե, եզակի չէ, և ՀՀ կալանավայրերում դատապարտված են նաև այլ կանայք, ովքեր իրենց ծանր սոցիալական վիճակից ելնելով՝ իրենց երեխաների կենսական կարիքները հոգալու համար հանցագործության են դիմել, ու հիմա նրանց երեխաները զրկված են ծնողական խնամքից: Փաստորեն, բավարար չէ, որ պետությունը խախտել է այս մարդկանց իրավունքը՝ նրանց աղքատության մեջ անօգնական թողնելով, դեռ մի բան էլ պատժում է վերջիններիս աղքատ լինելու համար, քանզի հենց աղքատությունն է նրանց դրել իրենց և իրենց երեխաների կյանքն ու առողջությունը փրկելու անհրաժեշտությամբ պայմանավորված հանցագործությունների։ Մենք ուշադրությամբ հետևելու ենք վաղը ԱԺ-ում Համաներում հայտարարելու մասին օրենքի քննարկմանը և հուսով ենք, որ վերը նշված խնդիրը կբարձրաձայնվի և տեղ կգտնի օրենքում»: Անահիտ Սիմոնյան Աննա Նիկողոսյան Աննա Շահնազարյան Արէ Մարտիրոսյան Արման Ղարիբյան Արփինե Գալֆայան Զառա Հարությունյան Զարուհի Հովհաննիսյան Լալա Ասլիկյան Ստելլա Չանդիրյան |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30