Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

1633
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 15:10
Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Lenta.ru-ին տված հարցազրույցում խոսել է Մարտի 1-ի դեպքերի մասին:

Ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ:

Պատասխանելով ռուսական կայքի այն հարցին, թե ի՞նչ նորություն կա իր դեմ առաջադրված մեղադրանքից, և ի՞նչ չգիտի հանրությունը, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հոգեբանորեն պետք է պատրաստ լինել մարտի 1-ի գործի բացահայտմանը, Քոչարյանն ասել է. «Նորություն չկա: Փաշինյանը դեռ օգոստոսին հայտարարում էր, որ այդ դեպքերն ամբողջությամբ բացահայտված են: Որքանով ինձ հայտնի է, քննչական մարմինները որևէ նոր բան չեն բացահայտել: Թե ինչ է նա նկատի ունեցել, ինձ հայտնի չէ: Չի կարելի խոսել այդ քրեական գործի բացահայտման մասին, քանի դեռ չեն հաստատվել մարդկանց մահվան պատճառները»:

Նրա խոսքով՝ իր դեմ քրեական գործը կապ չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ: «Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգը տապալելու» համար, սակայն դա ակնհայտ փորձ է՝ վերագրել պատմությունն ու տեղի ունեցածը նկարագրել այլ քողի տակ, թե, իբր, եղել են խաղաղ ցուցարարներ, որոնց դեմ են դուրս եկել ագրեսիվ ոստիկաններն ու զինվորականները»,- ասել է Ռ. Քոչարյանը:

Բացի այդ, Քոչարյանի խոսքով, համացանցում կա տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են ցուցարարներն ինքնաձիգներից կրակ բացում:

«Զարմանալիորեն քննությունը չի ներկայացրել այդ ձայնագրությունը: Վստահ եմ՝ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են այդ գործով, օրենքի առջև կկանգնեն»,- հավելել է նա: