Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Lenta-ին

1585
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 14:40
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Lenta-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Lenta.ru-ին, որում խոսել է քաղաքականություն իր վերադարձի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա վերջնական հաղթանակի դեպքում Հայաստանի վիճակի, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Արցախի մասին:

Այն հարցին, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը, Ռոբերտ Քոչարյանն ասել է.

«Չէի կասկածում, որ ներկայացումը կխաղան, և արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Զարմանալի չէ, քանի որ այլ ուժեր քաղաքական կամք չդրսևորեցին և չհամագործակցեցին միմյանց հետ՝ արտահերթ ընտրություններ թույլ չտալու համար»:

Քոչարյանի խոսքով՝ արդյունքում «Հայաստանում կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ մեկ քաղաքական ուժի գերիշխմամբ»:

«Չեմ կարծում, որ նման վիճակը երկարաժամկետ կայունություն կապահովի: Մյուս բոլոր կուսակցությունները հայտարարեցին, որ պատրաստ չեն նման սցենարի: Սակայն Սակայն այդ սցենարն առաջ է գնում մոբիլիզացման ռեսուրսով, որին դեռևս տիրապետում է միայն Փաշինյանը: Ակնհայտ է, որ եթե կուսակցություններն այսօր պատրաստ չեն ընտրությունների, ուրեմն նրանց ապագան միանգամայն կանխատեսելի է: Ցանկացած հոգեբան կփաստի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել հուզական գրգռվածության վիճակում»,- ասել է Քոչարյանը:

Lenta.ru-ն հետաքրքրվել է, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղաքական ուժեր կամ առանձին քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստ են խախտել այդ մենիշխանությունը: «Կախված նրանից, թե ինչ էներգիայով և պրոֆեսիոնալիզմով նրանք կկառուցեն իրենց աշխատանքն արտահերթ ընտրություններից հետո: Բոլորը գիտակցում ենք, որ քաղաքական դաշտի լուրջ վերաձևավորում կլինի»,- պատասխանել է Ռ. Քոչարյանը՝ նշելով, որ իրեն տեսնում է ապագա ընդդիմությունում:

«Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ մտահոգություններ ունեմ: Դա ինձ դրդում է՝ ինչ-որ կերպ ազդելու այդ գործընթացներին: Թե որքանով ինձ կհաջողվի, ժամանակը ցույց կտա, սակայն կարծում մե, որ իմ անցյալն ու ներկան, իմ փորձը թույլ կտան էական դեր խաղալ հայկական քաղաքականության մեջ»,- հավելել է Ռ. Քոչարյանը: