Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Երգեհոնային երաժշտության ժամ» խորագրով համերգը նվիրվեց Երևանի 2800-ամյակին

460
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 00:10
«Երգեհոնային երաժշտության ժամ» խորագրով համերգը նվիրվեց Երևանի 2800-ամյակին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 27-ին անցկացվեց «Երգեհոնային երաժշտության ժամ» խորագրով միջոցառում, որը նվիրվեց Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառմանը հանդես եկան երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Լուսինե Սառաջյանը, Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը, Մաքսիմ Նովիկովը (ալտ, Ռուսաստան), «Արար» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գոռ Մելքումյան):

Ծրագրում ներկայացվեցին Բախի, Բուքստեհուդեի, Ստենլիի, Պերգոլեզիի, Ռեգերի, Բրուխի, Է.Հովհաննիսյանի, Ռ.Պետրոսյանի, Սիմեոն Երևանցու ստեղծագործությունները:

Երգեհոնահար Թերեզա Ոսկանյանն ընդգծում է, որ «Երգեհոնային երաժշտության ժամ» խորագրով միջոցառումներ Կամերային երաժշտության տանն անցկացվում են ամեն ամիս՝ ամսվա վերջին շաբաթ օրը: Մեկ ժամ տևողությամբ համերգների մուտքն ազատ է, նպատակն է, որ ավելի շատ ներկայացվեն երգեհոնի համար գրված ստեղծագործությունները:

Նշենք, որ Կամերային երաժշտության տան երգեհոնն եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների մոդելների հիման վրա և նախատեսված է բարոկ երաժշտություն կատարելու համար: Երգեհոնն ունի 4000 շեփոր, պատրաստվել է հոլանդական «Ֆլենտրոպ» արտադրության կողմից:

Տեղադրվել է 1979 թ.-ին, իսկ առաջին համերգին ելույթ է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը, ում նախաձեռնությամբ էլ հենց սկսել են անցկացվել «Երգեհոնային երաժշտության ժամ» միջոցառումները: