Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հանդես կգա Խաչատրյանի փառատոնի շրջանակում

480
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 01:10
Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հանդես կգա Խաչատրյանի փառատոնի շրջանակում

Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հոկտեմբերի 31-ին հանդես կգա Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Բորիս Բերեզովսկին համարվում է Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի լավագույն կատարողներից մեկը։ Դաշնակահարը խոստովանում է՝ Խաչատրյանի ստեղծագործություններն իր ռեպերտուարում իրենց ուրույն տեղն ունեն։ Երաժիշտը նկատում է, որ իր համար միշտ հաճելի է կատարել Խաչատրյանի գործերը, քանի որ նա ստեղծել է մաքրամաքուր և անկեղծ երաժշտություն։

Մի առիթով դաշնակահարը նշել է, որ ինքը գիտի հանդիսատեսին գրավելու միայն մեկ միջոց, և դա լավ նվագելն է։ Հայ երաժշտասերները հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնարավորություն ունեն ունկնդրելու աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկի վիրտուոզ կատարումը։

Ի դեպ, նույն երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Թիվ 1 սիմֆոնիան։

Հավելենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։