Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Որքանո՞վ է վտանգավոր պահածոյացված սննդամթերքը. մասնագետի խորհուրդները

455
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 16:05
Որքանո՞վ է վտանգավոր պահածոյացված սննդամթերքը. մասնագետի խորհուրդները

Բոտուլիզմը շատ տոքսիկոինֆեկցիոն ծանր հիվանդություն է և բժշկի չդիմելու դեպքում կարող է մահվան հանգեցնել: Այն, շատ հաճախ, կարող է առաջանալ պահածոյացված սննդամթերքից: Հիվանդությունն առաջացնող բակտերիաները լինում են հողում: Սննդամթերքը վատ լվանալու կամ վատ եփելու, այնուհետև հերմետիկ չփակելու դեպքում՝ տոքսինը սկսում է արագ կուտակվել: Դրանց համար օդի բացակայությունը բարենպաստ միջավայր է: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով պահածոյացված մթերքների հետ կապված խնդիրներին, նշեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը:

Սննդի ոլորտի մասնագետների կողմից շարունակ հնչող հորդորներից հետո, տնային տնտեսուհիները շարունակում են տան պայմաններում պահածոներ պատրաստել. որքանո՞վ է այն վտանգավոր:

«Գործարաններում ապահովվում է 120˚C և 1.2 մթն. ճնշում, որը ոչնչացնում է բակտերիան: Տնային պայմաններում այդպիսի ջերմաստիճան հնարավոր չէ ապահովել: Այնուամենայնիվ, եթե որոշել եք պատրաստել, դրանք, ուտելուց 20 րոպե առաջ, գոնե պետք է եռացնել»,- նշում է Լիլիթ Հունանյանը՝ ընդգծելով, որ բոտուլիզմի հարուցիչը ժամանակի ընթացքում արտադրում է ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին:

Մասնագետը նշում է, որ բոտուլիզմը շատ վտանգավոր հիվանդություն է, գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 10 օր կարող է տևել և տնային պայմաններում բուժել հնարավոր չէ: «Առաջին ախտանիշների դեպքում՝ երկակի տեսողություն, ձայնի խռպոտություն, սրտխառնոց, փորկապություն, պետք է դիմել բժշկի: Ստամոքսի լվացում պետք է անել, ներարկել հակաբոտուլինային շիճուկ, որը խանութներում չի վաճառվում, հակառակ դեպքում՝ կարող է հանգեցնել մահվան»:

Նշենք, որ ըստ Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների, նախորդ տարի հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 13 դեպք, տուժել է 21 մարդ, որից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել:

Թունավորման պատճառը տնային պայմաններում մարինացված լոլիկի և վարունգի պահածոներն են, կարմիր պղպեղը, սմբուկը, շուշանի թթուն և այլն: