Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱԺ մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծին

458
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 15:00
ԱԺ մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը և Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը: Փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6 օրվա փոխարեն 10 օր, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար՝ նախատեսված 5-ի փոխարեն 4 տոկոս, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ գործող 25 տոկոսի փոխարեն նախատեսելով 30 տոկոս, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ժամանակ բոնուսային համակարգի վերացում: Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար: Նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը, ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանում: Նախատեսվում է ապահովել զորամասերում քարոզչության հավասար պայմաններ:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելուն, բաց համամասնական ընտրակարգին անցմանը, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացման նպատակահարմարությանը, ֆիքսված տեսանկարահանման կարևորությանը և այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը հավաստիացրել է, որ Կառավարությունը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ:

Աշխատանքային ձևաչափում քննարկումների արդյունքում Կառավարության ներկայացուցչի համար ընդունելի են եղել ֆիքսված տեսանկարահանման և 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելուն վերաբերող առաջարկները:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: