Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլ ջան, ո՞նց հասկանամ...». Թորոս Սեֆիլյան

567
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 15:30
«Նիկոլ ջան, ո՞նց հասկանամ...». Թորոս Սեֆիլյան

Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ ջան, ո՞նց հասկանամ և ո՞նց հասկանա ժողովուրդը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»:

Նշենք, որ այսօր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել:

Հաղորդագրությունը՝ ստորև.

««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ժիրայր Սէֆիլյանը ս.թ. օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որ, ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով:

Երկու ամիս անց՝ հոկտեմբերի սկզբին, Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարից պատասխան նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ նրա դիմումին սահմանված կարգով ընթացք է տրվել:

Զուգահեռաբար՝ մի խումբ մտավորականներ ս.թ. օգոստոսի 7-ին դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհել հետին թվով, քանի որ նա նախկինում երեք անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումներն ապօրինի և անհիմն կերպով մերժվել են:

Քաղաքացիությունը հետին թվով շնորհելու վերաբերյալ թե Ժիրայր Սէֆիլյանի վերը նշված դիմումին և թե մտավորականների նամակին ի պատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով:

Տեղեկացնում ենք նաև, որ քաղաքացիություն շնորհելու լիազորությունը հայեցողական է, այսինքն՝ տվյալ պարագայում օրենքը չի արգելում հարգելի համարել Ժիրայր Սէֆիլյանի նախկին դիմումները և նրան քաղաքացիություն շնորհել հետին թվով:

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»: